«Ինձ թվում է ՝ Հայաստանում միակ խլություն ունեցող գորգագործ տղան եմ» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին21-ամյա Նարեկի զրույցը թելերի հետ լսելի է միայն նրան։ Դազգահի վրա շարք-շարք բարձրանալով՝ ստեղծվում են նախշերը, որոնք նաեւ Նարեկի հոգեվիճակի արտացոլումն են։
Տղան տարբերվում է մյուս գորգագործներից միայն լսել ու խոսել չկարողանալով։
«Ինձ թվում է, որ Հայաստանում միակ խլություն ունեցող տղան եմ, որ գորգ գործել գիտի։ Եւ դրա համար հպարտ եմ»,- ասում է Նարեկը։
Նարեկը Երեւանից է, շուրջ 1 ամիս է՝ աշխատում է «Թուֆենկյան գորգեր» ձեռագործ գորգերի արտադրությունում։ Գործել սովորել է դպրոցում։ «Մայրիկս ինձ ասում է, որ ատամհատիկի ժամանակ թել եմ վերցրել սեղանից։ Բացի այդ՝ գույներ եմ շատ սիրում, դրա համար էլ որոշեցի գորգագործ դառնալ»,- պատմեց նա։
Նարեկի ընտանիքի անդամները եւս ունեն առողջական նույն խնդիրը, ինչ նա։ Տղայի որոշումը, որ պետք է աշխատի գորգերի արտադրությունում, ընտանիքում միանշանակ չի ընդունվել: Ասում է, որ հարազատները գորգ գործելը համարել են աղջկա գործ, բայց հակառակ ընտանիքի՝ Նարեկը հետ չի կանգնել իր որոշումից։ Վստահ է, որ մյուս նպատակին էլ է հասնելու. ուզում է դառնալ հայտնի խոհարար։
«Տատիկիս ասում եմ՝ ցանկանում եմ խոհարար դառնալ, ասում է՝ չէ, ավելի լավ է վարսահարդար դարձիր։ Պապիկս, հայրիկս ու մայրիկս էլ այլ բաներ են ասում։ Դրա համար կցանկանայի միայնակ մնալ մտքերիս հետ ու ինքս որոշումներ կայացնեի»:
Գործընկերները Նարեկի մասին խոսելիս բառերը չեն խնայում։ Չտրտնջացող ու աշխատասեր երիտասարդ է։
«Շատ սիրուն գործում է, ամեն ինչից էլ կարողանում է, նկարից էլ է օգտվում, պատրաստի աշխատող է։ Չէինք էլ պատկերացնում, որ ինքը էսպես կկարողանար»,- ասաց Սաթիկ Կիրակոսյանը։
«Առաջին հերթին շատ աշխատասեր է, եթե մի բան չգիտի, ասում եմ՝ այս ինչ բանը գիտես, ու շատ լավ հասկանում է, ինքը միանգամից ասում է՝ ես կնայեմ ու կսովորեմ։ Պահեր է կլինի, որ սխալվում է, ինքը կքանդի, կուղղի»,-նկատում է մյուս գործընկերուհին՝ տիկին Ազգանուշը:
Որքան էլ հաճախ Նարեկը ստիպված է դժվարություններ հաղթահարել՝ իր որոշումները իրականություն դարձնելու համար, այնուամենայնիվ լավատեսորեն է տրամադրված։ Միակ ցանկությունն այն է, որ իր նպատակները արագ կատարվեն։
Ի դեպ, Նարեկի հետ հաղորդակցվել մեզ օգնեց նրա ավագ ընկերը՝ Հայաստանի խուլերի միավորման ժեստերի թարգմանչուհի Սիրանուշ Մալխասյանը: