Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

ՊՈԱԿ-ն իրականացնում է հուշարձանների պահպանությունը, վերականգնման գործառույթ չունի. պարզաբանում

«Վերջին շրջանում սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվական միջոցներում առանձին անհատների կամ կայքերի կողմից բարձրացված խնդիրների շրջանակներում հաճախ անհարկի պիտակավորվում և շահարկվում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի («Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ) անունը` հուշարձանների (հատկապես ավերված, կիսավեր) նկատմամբ ոչ պատշաճ պահպանություն իրականացնելու և դրանք չվերականգնելու կամ չամրակայելու կապակցությամբ: Ամենևին կասկածի տակ չդնելով մեր համաքաղաքացիների և լրագրողների անկեղծությունը և գնահատելով, իսկ հաճախ նաև կիսելով նրանց մտահոգությունները` ստիպված ենք մեկ անգամ ևս անդրադառնալ հուշարձանների պահպանության ոլորտում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի իրավասություններին և գործառույթներին, իրականացրած աշխատանքներին:

Այսպես, համաձայն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ի կանոնադրության (ՀՀ կառավարության 2003թ. մարտի 7-ի թիվ 312-Ն որոշում)`  կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են պետական սեփականություն հանդիսացող հուշարձանախմբերի, հուշարձանների համալիրների, պատմական և բնապատմական միջավայրի, պատմամշակութային հողերի պահպանությունը, ուսումնասիրումը, հանրահռչակումը և օգտագործումը: Իսկ ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներ որպես պատվիրատու կարող է իրականացնել իր ենթակայության տակ գտնվող արգելոց-թանգարանների տարածքներում:

Պետական սեփականություն համարվող հուշարձանների պահպանությունը նիրականացվում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ի մարզային ծառայությունների հուշարձանների պահապանների շրջայցերի միջոցով (130 հուշարձանների պահապան իրականացնում են շուրջ 19000 հուշարձանի պահպանությունը) ՀՀ մշակույթի նախարարության կողմից հաստատված 2011թ. օգոստոսի 6-ի թիվ 458-Ա հրամանով սահմանված համապատասխան ընթացակարգի համաձայն: Ըստ այս ընթացակարգի` հուշարձանների պահապանն արձանագրում է հուշարձանի պահպանվածության վիճակը, փոփոխությունների կամ չսահմանված գործողությունների, պայմանակարգերի խախտման մասին տեղեկացնում է իր վերադասին, տեղում ձեռնարկում անհրաժեշտ միջոցառումներ: Շրջայց իրականացնող աշխատակցի տեղեկատվության հիման վրա «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ի մասնագետները իրականացնում են համապատասխան ուսումնասիրություններ, կանխարգելիչ գործողություններ, այդ թվում` հուշարձանների պատշաճ պահպանությունն իրականացնելու համար աշխատանքներ են տանում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, անհրաժեշտության դեպքում դիմում իրավապահ մարմիններին (2018թ. հուշարձանների տարածքում արձանագրված խախտման 30, իսկ 2019թ. հունվար-հուլիս ամիսներին արդեն 23 դեպքով դիմել է իրավապահ մարմիններին): 

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից յուրաքանչյուր տարի իրականացվում է պահպանվածության առումով առավել վտանգված հուշարձանների (ընդգրկվում են պետական սեփականություն համարվող այն հուշարձանները, որոնք ծայրահեղ ծանր վիճակում են և ամեն վայրկյան կարող են մասամբ կամ ամբողջովին փլուզվել և ավերվել: 2019թ. 1-ին կիսամյակի դրությամբ դրանց թիվը 416 է) մշտադիտարկում, որի արդյունքները ներկայացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` ակնկալելով, որ կտրամադրվեն համապատասխան միջոցներ հուշարձանների ամրակայման, նորոգման կամ վերականգնման համար: 

 

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին