Բացել լրահոսը Փակել լրահոսը
բանտ
A A
Հասարակություն

Ինչո՞ւ է բողոքում  ցմահ դատապարտյալը

     Ցմահ դատապարտյալ Հունան Հունանյանը ահազանգում է, որ իրեն ստիպում են ստորագրել մի փաստաթղթի տակ, որը իրականությունը չի արտացոլում։ «Ա1+»-ի խմբագրություն  զանգահարած ցմահ դատապարտյալը գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում։ Նա  հայտարարում է, որ  դատախազ Արայիկ Բրուտյանը ստիպում է  իրեն բացատրություն գրել, որ նա մարտի 25-ին է տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, մինչդեռ  ինքը մարտի 4-6-ն է գտնվել այնտեղ։

«2019 թ  հուլիսի 19-ին դատախազ Արայիկ Բրուտյանը ընդունելություն է կատարում հիմնարկ, վիրավորելով ինձ, ստիպելով, որ ես իրեն ասածով տամ բացատրություն»,-մեզ հետ զրույցում պատմեց Հունան Հունանյանն ու հավելեց, որ հրաժարվել է բացատրություն տալ։

  «Սուգի մեջ էի,  ամսվա սկզբին կինս  է  մահացել.  ծակոցներ ունեի, խնդրեցի, որ բժիշկ կանչեն, վեր կացավ մուննաթ-զունաթով, վիրավորեց ինձ, ես էլ ջղայնացա ու դուրս եկա, դրա հիման վրա ամսի 24-ին ինձ գրություն է եկել, որ ինձ տույժի են ենթարկել, ես էլ  ասում եմ ինչի՞ համար, ես սխալ քայլ չեմ արել... Ամեն ինչ անում են, ճնշում են  հոգեբանորեն,  որ ես չկարողանամ ազատվել»,- շարունակեց նա։

Ցմահ դատապարտյալի խոսքով՝ տույժն ազդելու է  պայմանական  վաղաժամկետ ազատ արձակվելու վրա։

«Ա1+»-ի հարցմանն ի պատասխան՝ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը  հայտնեց, որ Հունան Հունանյանը մարտի 25-ին է տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ենթարկվել  ողնաշարի ՄՌՏ  հետազոտության։

«Նպատակահարմար չեն գտել  վիրաբուժական որևէ միջամտություն իրականանացնել։Հետազոտության բոլոր արդյունքների պատճենները տրամադրվել է Հունան Հունանյանին, ու բացատրվել է, որ նա վիրահատման ենթակա չէ։ Հունան Հունանյանն այս պահին գտնվում է  «Արմավիր» ՔԿՀ-ի  բժշկական անձնակամի հսկողության տակ, անհրաժեշտության դեպքում ստանում է դեղորքային բուժում»,- ասաց Նոնա Նավիկյանը։

  Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից էլ տեղեկացրեցին, որ դատախազ Արայիկ Բրուտյանի կողմից որևէ ստիպողաբար գործողություն չի եղել։

«Նախ ինքը սկզբից ասել է, որ իր առողջության հետ կապված  է ցանկանում հանդիպել, հետո երբ հանդիպել են, ընդհանրապես առողջության հետ կապված չի խոսել, այլ իր գործից է խոսել, բայց որևէ բան դատախազի կողմից, բացառվում է»,-  հայտարարեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

 

Ինչո՞ւ Հունան Հունանյանը չի  մասնակցել կնոջ հուղարկավորությանը

 

Հունան Հունանյանը  նաեւ նշել էր, որ  «Արմավիր» ՔԿՀ-ում չեն թույլատրել, որ նա գնա և մասնակցի կնոջ հուղարկավորության արարողությանը։

«Ա1+»-ի հետ զրույցում քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ  Նոնա Նավիկյանը նշեց, որ «Արմավիր» ՔԿՀ-ն կարճատև մեկնում  տրամադրել է, բայց խնդիրն այն է, որ  պետք է մահվան վկայական, անձնագիր ու զագսի թուղթ ներկայացվի  քրեակատարողական հիմնարկ, բայց Հունան Հունանյանի կնոջ հարազատները չեն ցանկացել, որ նա մասնակցի կնոջ հուղարկավորությանը։

Նշենք, որ Հունան Հունանյանը  դատապարտվել է 2002-ին։ Նա  դատապարտվել է  Քրեական օրենսգրքի  մի  շարք  հոդվածներով՝ սպանություն, բռնաբարություն, ավազակություն, գողություն։

Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը։