Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բերձորյան դեպքերի վերաբերյալ դատախազություն հաղորդում ներկայացվեց (տեսանյութ)

Երևան-Ստեփանակերտ հեռուսատակամրջի ձևաչափով այսօր տեղի ունեցավ Սասնա Ծռեր համահայկական շարժման մամուլի ասուլիսը: Թեման Բերձորի իրադարձություններն էին:

Կուսակցության փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտարարեց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ գլխավոր դատախազին, ինչպես նաև գործի մասին փաստական տվյալներ։

«Ոչ մի կասկած չկա, որ պետք է հարուցվի քրեական գործ, և մեղավորները պիտի պատժվեն»,- նշում է Արայիկ Պապիկյանը։

Կուսակցության անդամների խոսքով՝ չնայած նրան, որ հայտարարվել էր, թե նոր Հայաստանում հանցագործները պիտի պատժվեն, Բերձորում կատարված դեպքերի մասով Կառավարությունը լռում է։

«Հասկանալով Արցախում ընտրությունների հանգամանքը՝  կարծում ենք, որ ժամանակն է հիշեցնել մեր հասարակությանը, թե ինչ տեղի ունեցավ  2015 թվականի հունվարի 31-ին»,- ասում է Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Գարեգին Չուգասզյանը։

Փաստաբան Արայիկ Պապիկյանի կարծիքով՝ հանցագործների՝ մինչ օրս անպատիժ մնալը խոսում է այն մասին, որ իրավապահ համակարգը շարունակում է գործել նույն տրամաբանությամբ, ինչ նախորդ իշխանությունների օրոք։

«Օրվա քաղաքական իշխանությանը հաճելի լինելու տիրույթից չեն կարողանում դուրս գալ։ Եթե մի իրադարձություն չի կարող այսօրվա իշխանությանը դիվիդենտներ տրամադրել, ապա այստեղ ջանքեր գործադրելը, կարծես, չի կարևորվում»,- ասում է փաստաբանը։

Արայիկ Պապիկյանն ասուլիսի ավարտին ուղևորվեց ՀՀ Գլխավոր դատախազություն, որտեղ Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանի հետ միասին, ուղիղ եթերով կարճ հայտարարությամբ հանդես գալուց հետո, հանցագործության մասին հաղորդումը հանձնեց դատախազությանը:

Հիշեցնենք, որ 2015 թ. հունվարի 31-ին Բերձորի մոտակայքում Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի մասնակիցների նկատմամբ բռնություն էր գործադրվել։