Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131142
A A
Մշակույթ

Զորաց քարերը՝ դամբարա՞ն, թե՞ աստղադիտարան

Սյունիքի մարզի Քարահունջ կամ Զորաց քարեր պատմամշակութային արգելոցը` աստղադիտարա՞ն, թե՞ դամբարան։ Տարիներ շարունակ սոցիալական ցանցերում եւ մասնագիտական շրջանակներում հնչող կարծիքների բախումը նոր հարթակ է տեղափոխվում։

«Բնօրրան» ՀԿ-ն քննարկումներ է նախաձեռնում, նպատակը՝ կողմերի միջև ստեղծել համագործակցության նոր միջավայր, երկուստեք բացառել ծայրահեղության ցանկացած դրսևորում՝ առկա խնդիրների վերհանման ու լուծումներ մշակելու հարցում։

Այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ Քարահունջ պատմամշակութային արգելոցի հնավայրում պեղումներ իրականացնող հնագիտական արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը հայտնեց, որ հուշարձանն իսկապես շատ հետաքրքիր է, եզակի է Անդրկովկասում եւ բոլոր առումներով ուսումնասիրության կարիք ունի։

«Մենք անգամ մտածել ենք, որ կարելի է հուշարձանի մոտ թանգարան կառուցել եւ այն բոլոր խնդիրները, հարցերը որոնք առաջացել են, թանգարանում քննարկել ու հասկանալ։ Կարծում եմ՝ սա այն ամենաօպտիմալ եւ ճիշտ ճանապարհն է, որը հնարավորություն կտա խնդիրը լուծել»։

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն էլ նշեց՝ քանի որ խնդիրը քննարկվել եւ քննարկվում է սոցցանցերում, եւ տարբեր տեսակետներ ունեցող մարդիկ կան, պետք է հանրային հնչեղություն ունեցող հարցը քննարկել, եւ գտնել այն հնարավորություններն ու եզրերը, որով կարելի է աշխատել , մշակել ծրագիր՝ բոլոր տեսակետները հաշվի առնելով։ Պավել Ավետիսյանի կարծիքով՝ պատմամշակութային արգելոցը դամբարան է։

«Բնօրրան» ՀԿ խորհրդի անդամ Արեւիկ Սարգսյանը չի կիսում այդ տեսակետը․ «Քարահունջը 200 ավելի քարեր են, իրենցից ներկայացնում են հնագույն աստղադիտարան,որոնք ունեն նաեւ անցքեր։ Երկրորդ տեսակետը, որ աստղադիտարան չէ, ընդամենը հնավայր, բնակավայր, դամբարանադաշտ է։ Հասարակության մեջ բախումը, խնդրո առարկա հանդիսացավ այն, որ պեղումների արդյունքներում աստղադիտական որեւէ գործիք չի գտնվել, եւ որ քարերը անցքեր ունեն, որոշ քարեր՝ նաեւ ներքեւի մասում, այսինքն՝ աստղադիտարան չէ։ Հերքենք եւ դնենք մի կողմ այն ամենն, ինչ ասվել է մինչ օրս, կասեցնենք պեղումները, մինչեւ չլինի բազմակողմանի մասնագետների կողմից մեծ կոնֆերանս, համատեղ հետազոտությունների աշխատանք, որը կհանգեցնի այս կարեւոր հնավայրի նոր ռազմավարական ծրագրի, որին համաձայն կլինեն բոլոր կողմերը»։

Պարոն Փիլիպոսյանի խոսքով՝ Զորաց քարերում արված պեղումների նյութերը հավաքվել են տասնյակ կտորներից եւ պետական կնիքով հանձնվել են պետական հսկողության․ «Մինչ այն ժամանակը, երբ Զորաց քարերի մոտ կկառուցվի թանգարան, եւ այդ ամենը կտեղափոխվի այնտեղ»,-ասաց պարոն Փիլիպոսյանը։