Ունեն քոս, աչքերը բորոտած են. շները պահվել են անբարենպաստ պայմաններում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔանաքեռում այսօր բացահայտվել է մի կացարան, որտեղ անբարենպաստ պայմաններում շներ են պահվել՝ մի կնոջ խնամակալության ներքո։
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արմեն Բեգոյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ շների հետ կապված բազմաթիվ բողոքներ են ստացել տարածքի բնակիչներից։
«Այսօր ոստիկանության և թաղապետի տեղակալի ուղեկցությամբ գնացինք այնտեղ»,- նշեց նա՝ հավելելով,որ շներն ամբողջովին թարախակալած վիճակում են եղել։
Նա նաև հավելեց, որ շներին մի կին պահում էր ինչ-որ վագոնում, իսկ վերցնելուց հետո նույնիսկ աղմուկ է բարձրացրել, փորձել է կապ հաստատել ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ ու պահանջել է վերադարձնել շներին։
Այնտեղից բերվել է 27 շուն։
Կենտրոնի քարտեզագիր-հսկիչ, դերասան Աշոտ Մելոյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ այնտեղից 27 շուն են բերել, որոնցից երեքին վիրահատելուց հետո կվերադարձնեն նույն տարածքում շների խնամքով զբաղվողներին։
Մելոյանը նշեց, որ շներն ակնհայտորեն վարակակակիր են։ «Այդ շները ստերջացնելու չեն, և չի կարելի բաց թողնել Երևանում, հանձնել այդ կնոջը։ Բոլոր շները նույն խնդիրն ունեն․ մաքսիմում 1-2-ը կարող են հիվանդ չլինել։ Մնացած ունեն մաշկի խնդիր, քոս, աչքերը բորոտած են, ոմանց պոչն արդեն քայքայվել է»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Հիմա շները, քարտեզագրի խոսքով, առանձնացված են կլինիկայից և կենտրոնում են գտնվում։ Շների առողջական վիճակը պարզելու համար անալիզներ են ուղարկվել կլինիկա։ Հետազոտություններից հետո, ՊՈԱԿ-ի գլխավոր անասնաբույժի որոշմամբ, պարզ կլինի շների հետագա ճակատագիրը։
ՊՈԱԿ-ից մեզ նաև դեպքի վերաբերյալ նկարներ ու տեսանյութեր ուղարկեցին։







