Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

 Ինչու են հայաստանցիներն առանց կարգավիճակի մնում Ֆրանսիայում (տեսանյութ)

    Տիկին Հերիքնազն  արագ–արագ սեղան  է գցում։  «Քաղցած չեմ» արտահայտությանը նա ժպիտով է արձագանքում եւ սեղանին շարում տարբեր տեսակի ուտեստներ։ Հարեւան սենյակում հեռուստացույց է միացված, արբանյակային հայաստանյան ալիքով հաղորդավարը պատմում է՝ ինչ է տեղի ունենում հեռավոր հայրենիքում։ Քիչ անց արդեն  հայկական  սերիալի հերոսներն են «հայտնվում» Լիոնում, եւ տանտիկինը  ներկայացնում է ՝ դրանցից որը դիտելու համար արժե  ժամանակ ծախսել։

Տունը, որտեղ ապրում է Հայաստանից 10 եւ ավել տարիներ առաջ տեղափոխված ընտանիքը, շուտով քանդելու են։ Քաղաքային իշխանությունները որոշել են, որ տասներկու հարկանի շենքը պետք է հողին հավասարեցնել եւ տեղում պետք է կառուցել նոր՝ ավելի ցածրահարկ շենք։ Բնակիչների հետ արդեն պայմանագրեր են կնքում՝ այլ  շենքերում նոր բնակարաններ հատկացնելու համար։ Կինը ոգեւորված չէ. ասում է՝ նոր բնակարաններն այնքան հարմարավետ չեն, ինչպես իրենցը։

Նախկին հայաստաբնակ քիչ ընտանիք կգտնվի այստեղ, որի տանը չլինեն հայկական արտադրության մթերքներ։  Ասում են՝ մի մասը Հայաստանից են ուղարկում, մի մասը գնում այսպես կոչված՝ ռուսական խանութներից։ Այս խանութները մեծ պահանջարկ ունեն նախկին խորհրդային տարածքի բնակիչների շրջանում։ Այստեղ կարելի է ձեռք բերել  հայկական լավաշ, ուկրաինական շոկոլադ, ռուսական պաղպաղակ։ 

Հեղափոխությունից հետո էլ Հայաստանից ընտանիքներ են տեղափոխվում Ֆրանսիա եւ ապրելու իրավունք խնդրում։ Նրանք հիմնականում  գալիս են առողջական խնդիրների պատճառով՝ քաղցկեղ, ողնաշարի տարբեր խնդիրներ։

Եկողների մեծ  մասը մարզերից են։  Փողոցում ամեն օր կարելի է լսել հայերեն զրույց։  Ասում են՝ դժվարացել է կեցության իրավունքի տրամադրումը, եւ նույնիսկ տաս տարուց ավել ապրողին Ֆրանսիան կարող է ետ ուղարկել Հայաստան։   Պատմում են՝ անվճար բուժօգնություն տրամադրելուց հետո հայաստանցուն հաճախ առաջարկում են վերադառնալ՝  նրա ինքնաթիռի տոմսը  գնելով անգամ։

Շատերը չեն  ընդունում այդ առաջարկը, ու, որքան էլ  հաճելի չէ ապրել մի երկրում, որը չի ուզում ընդունել իրենց, չեն վերադառնում եւ մնում են՝  իրավապահներից թաքնվելով։  Նույնիսկ հանրային տրանսպորտում կարելի էր լսել զրույց, երբ երկու հայեր պատմում են, որ իրենց ինչ-որ ծանոթի հանել են սոցիալական տնից, եւ նա բնակարան է փնտրում։

Երբ փորձում ես հասկանալ մնալու պատճառները, տարբեր պատասխաններ են հնչում. Հայաստանում էլ տուն չունեն,դժվար է Ֆրանսիայից հետո կրկին ապրել այնտեղ, բուժօգնությունը Ֆրանսիայում անվճար է, ՀՀ արդարադատության համակարգին դեռ չեն վստահում, բանակում չեն ծառայել եւ այլն։

Ամառվա այս շրջանում դեպի Հայաստան ինքնաթիռի տոմսերի գները  բարձրացել են։ Լիոնից Երեւան թռչող ինքնաթիռը հայրենիք բերեց 129 ուղեւորի, որոնք հիմնականում նախկին հայաստանցիներ էին, եւ արդեն որպես զբոսաշրջիկ իրենց երեխաներին բերում  էին տատիկ–պապիկներին այցելության։  Փոքրիկների մեծ մասը հայերեն չգիտեր. հայաստանցի ծնողների զավակները ծնվել էին Ֆրանսիայում ։ Ուղեւորները միայն Լիոնի տարածաշրջանից չէին։ Կային նախկին հայաստանաբնակ մարսելցիներ։

Ի դեպ, սա դեպի Երեւան թռչող այն եզակի ուղիղ չվերթներից էր, որը երկինք բարձրացավ կեսօրին եւ վայրէջք կատարեց մայրամուտին՝ ուղեւորներին հնարավորություն տալով տեսնել ՝ ինչպես է սպիտակ ամպերի վրայով թռչող ինքնաթիռն հայտնվում դեղնականաչ- լեռնագույն Հայաստանի վրա։