Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Անակնկալ մեկնաբանություններ՝ Օթելլոյի, Դեզդեմոնայի և Յագոյի մասին (տեսանյութ)

Վերդիի «Օթելլո» օպերայի համերգային ներկայացման մեջ Դեզդեմոնայի դերերգով հանդես եկող Հրաչուհի Բասենցի խոսքով, իր դերերգը վոկալի կատարման առումով բարդ չէ, ավելի բարդ է կերպարի բնավորությունը ներկայացնելը։

«Ես ինքս, առաջին անգամ այնպես չեմ կարողացել հասկանալ ու ներկայացնել այս կերպարը։ Երբ երկրորդ անգամ մեկ այլ բեմադրության մեջ դերերգով հանդես եկա, կարողացա գտնել ճիշտ գույները։ Իմ պատկերացմամբ, նա շատ ուժեղ բնավորության տեր է»,- ասում է օպերային երգչուհին, և հավելում՝ «Սա Վերդիի ամենահոգևոր օպերան է, որտեղ համադրվում են սատանան, հրեշտակն ու մարդը։ Ես այդպես եմ մեկնաբանում՝ շունչ, հոգի, մարմին»։

Ի դեպ, առաջին անգամ Դեզդեմոնայի դերերգով նա հանդես է եկել 2007 թվականին։ «Շատ յուրահատուկ ներկայացում էր, որ բեմադրվել էր բոքսի ռինգում, Արթուր Աբրահամի պատվին, ով այդ տարի ծնոտի լուրջ վնասվածք էր ստացել, սակայն հաղթել էր և արժանացել տարվա լավագույն բռնցքամարտիկի տիտղոսին», -հիշում է Հրաչուհի Բասենցը,- «Օթելլոն իմպրեսարիոն էր, Յագոն՝ մրցավարը, իսկ Կասիոն, Մոնտանոն և Ռոդրիգոն՝ բռնցքամարտիկներ»։

Յագոյի դերի իր յուրովի մոտեցմամբ լրագրողներին անակնկալի բերեց Անտոն Զարաևը։

«Իմ ընկալմամբ, Յագոն լավ մարդ է,- ասաց նա,- այո, մի զարմացեք, լավ մարդ է, անգամ բարի, սակայն արարքներն են վատ, բայց սրտով և հոգով նա հավատում է, որ իր արարքները մարդկային առումով ճիշտ են։ Եվ հավատալով  իր իրավացիությանը, համոզված է, որ օգնում է Օթելլոյին՝ բացահայտելու ճշմարտությունը։ Անգամ ողբերգական ավարտից հետո, հասկանալով, թե ինչ կատարվեց, նա էլի, միևնույնն է, կրկնում է․ «ես իրապես այդպես էի կարծում»։

Արսեն Սողոմոնյանը, ով երևանյան հանդիսատեսին հիացրել էր Կանիոյի դերերգով, Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայի համերգային ներկայացմանը, հանդես կգա Օթելլոյի կերպարով։

Մեր հայրենակիցն այս դերերգով փայլել է Բեռլինի ֆիլհարմոնիկի հետ աշխարհահռչակ դիրիժոր Զուբին Մետայի ղեկավարությամբ և Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ- Դանչենկոյի անվան օպերային թատրոնում՝ Անդրեյ Կոնչալովսկու բեմադրության մեջ։

«Օթելլոն բարդագույն ստեղծագործություն է, ոչ միայն երգիչների, այլև նվագախմբի ու երգչախմբի համար։ Բոլոր գործիքները օգտագործված են և բոլորը պետք է լինեն հնչեղ։ Նվագախումբը մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ հիանալի է կատարում։ Ինչ վերաբերում է Օթելլոյի դերերգին, ասեմ, որ ընթերցումներից ու վերընթերցումներից հետո ես որոշեցի կերտել այս կերպարը, ինչպես Ստանիսլավսկին էր ասում՝ իմ մեջ։ Ասում են՝ իմ կերտած Օթելլոն համոզիչ է։ Ինձ համար Օթելլոն մարդ է, ով վեր է ճղճիմ, կենցաղային լինելուց։ Իսկ ողբերգությունը ոչ թե այն է, որ Օթելլոն խանդի հողի վրա խեղդեց Դեզդեմոնային, այլ որ բոլոր գործող անձինք լինելով անմեղ՝ խաղում են իրենց մեղքը»։