Բացել լրահոսը Փակել լրահոսը
A17A9EA0-780E-4556-89CA-3C5A99C4A875_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Չնայած ռուսական զորքերի առկայությանն իր տարածքում, Հայաստանը արեւմտամետ երկիր է՝ ԱՄՆ-ի կոնգրեսական

Ամերիկայի Ձայն

- Դուք նախաձեռնել եք հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության հռչակումը: Որո՞նք են այն ոլորտները, որտեղ տեսնում եք ռազմավարական գործընկերություն զարգացնելու հեռանկարներ:

- Կարծում եմ, մեր ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը հավանության կարժանանա Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից մոտ ապագայում: Այն իրականում «Թավշյա հեղափոխության» շարունակական զարգացումն է: Գաղափարն այն է, որ «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանն ավելի ժողովրդավար է, այնտեղ ավելի լավ է գործում օրենքի գերակայությունը, խրախուսվում է ազատ շուկայի ձեւավորումը: Ուստի, սա հնարավորություն է մեր երկու երկրների միջեւ համագործակցության նոր հարթակ ստեղծելու համար, ոչ միայն ժողովրդավարական սկզբունքների, այլեւ՝ տնտեսական առումով, առեւտրի ոլորտներում։ Այս համագործակցությունը առանձնակի կարեւոր է նաեւ ռազմավարական տեսանկյունից, քանզի Հայաստանն ունի ռազմավարական կարեւոր դիրքեր Կովկասում նաեւ մոտ է գտնվելով Մերձավոր Արեւելքին: Բսցի այդ, Հայաստանը միշտ մնացել է ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի գործընկեր: Իրականում, Արեւմուտքում համոզմունք կա, որ քանի որ Հայաստանում առկա է ռուսական ռազմաբազա եւ ռուսական զորքեր, երկիրը միանշանակ Ռուսաստանի ուղեծիրի մեջ է: Ես դրան չեմ հավատում եւ մենք՝ Կոնգրեսում Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներն իրականում հասկանում ենք, որ Հայաստանը կախված է ռուսաստանից՝ ինքնապաշտպանության համար Թուրքիայի կողմից հնարավոր ներխուժման կամ Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմի դեպքում: Սակայն, Հայաստանն ինքը շատ արեւմտամետ երկիր է եւ հավատում է ժողովրդավարությանը եւ շուկայական տնտեսությանը: Ուստի, մենք ցանկանում ենք հիմնվելով դրա վրա հայտարարել, որ պետք է լինեն ավելի լավ ռազմավարական հարաբերություններ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ:

- Հայ խորհրդարանականների այցի ընթացքում, ո՞ր հարցերն եք քննարկել, ինչպիսի՞ նոր հնարավորություններ են բացվում:

- Խորհրդարանի նախագահն այստեղ է ժողովրդավարության համաժողովին մասնակցելու համար: Նրա այստեղ ներկայությունը կարեւոր էր, քանի որ այն հնարավորություն տվեց մեզ ծանոթանալ «Թավշյա հեղափոխությունից» հետո տեղի ունեցած զարգացումներին: Հայաստանի նոր ղեկավարությունը քաղաքականապես մեզ շատ մոտ է ժողովրդավարության, օրենքի գերակայության տեսակետից, ուստի մենք պետք է այդ արժեքների վրա կառուցենք մեր ռազմավարական գործընկերությունը՝ չմոռանալով առեւտրատնտեսական հարաբերությունների մասին:

- Վերջին հարցը՝ Հայաստանի խորհրդարանի անդամները նշեցին, որ կցանկանային ստանալ ամերիկյան օգնություն Հայաստանում պառլամենտարիզմի մշակույթի զարգացման հարցում:

- Այո՛, դա նույնպես: Ինչպես գիտեք, «Թավշյա հեղափոխությունից» առաջ Հայաստանի բարեկամության խմբի անդամ կոնգրեսականները այցելել էին Հայաստան, որից հետո հայ խորհրդարանականներն եկան այստեղ: Բայց դա «Թավշյա հեղափոխությունից» առաջ էր: Այժմ մենք կցանկանայինք նույնպես Հայաստան այցելել, որից հետո հրավիրել Հայաստանի պատգամավորներին այստեղ: Դա մեզ թույլ կտար փորձի փոխանակում ապահովել նաեւ պառլամենտարիզմի հարցում:

- Շնորհակալություն: