Բացել լրահոսը Փակել լրահոսը
2b36bf52-88e0-4743-b6d0-319b38276909_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Թուրքիան զրկվում է ամերիկյան F-35 մակնիշի կործանիչների ծրագրում իր մասնակցության իրավունքից (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն

Սպիտակ տունը չորեքշաբթի օրը կայացրեց որոշում այն մասին, որ Թուրքիան չի մասնակցելու իր F-35 մակնիշի կործանիչ ռազմաօդանավերի ծրագրում։ Որոշումը կայացվեց մի քանի օր անց այն բանից հետո, երբ Թուրքիան Ռուսաստանից ստացավ S-400 տիպի հակաօդային պաշտպանության առաջին համակարգը։

Ինչպես պաշտպանության փոխնախարար Էլեն Լորդն է ասել, ՝՝Այս համակարգի տեղակայումը Թուրքիայում հակասում է ՆԱՏՕ-ի նկատմամբ Անկարայի ստանձնած պարտավորություններին եւ կարող է մեծ վնաս պարունակող ազդեցություն ունենալ դաշինքի հետ Թուրքիայի հարաբերությունների վրա՛՛։

Նախագահ Դոնալդ Թրամփն էլ մեղադրում է ԱՄՆ-ի նախկին վարչակազմին, որը հրաժարվել էր ՝՝Փաթրիոթ՛՛ մակնիշի հրթիռներ վաճառել Թուրքիային, ինչն էլ, ասում է Թրամփը, ստիպել է վաղեմի բարեկամին հայացքը թեքել դեպի այլ շուկաներ։ ՝՝Շատ դժվար կացության մեջ են այսօր թուրքերը, եւ շատ դժվար կացություն է պատել նաեւ մեզ՛՛, ասել է նա։

Չէ որ Թուրքիան եղել է F-35 մակնիշի կործանիչների ծրագիրը ֆինանսավորող երկրներից մեկը։ Այս կործանիչի մասերից մի քանիսն արտադրվել են Թուրքիայում։ Թուրք օդաչուները Միացյալ Նահանգներում են անցել այս օդանավը վարելու համար անհրաժեշտ մարզումներ ու դասընթացներ։ Եվ այս ամենն այժմ կասեցվում է այն մտավախությամբ, որ Թուրքիայում տեղակայված ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգը կարող է ռուս մասնագետներին թույլ տալ ձեռք բերել ռադարների կողմից չհայտնաբերվող ամերիկյան կործանիչների մասին գաղտնի տեղեկություններ։

Մյուս մտահոգությունն այն է, որ, չնայած ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Դեյվիդ Թրաչենբերգի այն հայտարարությանը, թե Ամերիկան մեծապես է գնահատում Թուրքիայի հետ ամուր ռազմավարական կապերը, Ռուսաստանի հետ Թուրքիայի այս կապերը կարող են վնասել Հյուսիսատլանտյան դաշինքի կուռ համակարգը։

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է ավելի քան վեց տասնամյակ։ Սակայն 2Օ16 թվականի ձախողված հեղաշրջման փորձից հետո Արեւմուտքից հաստատուն արագությամբ է հեռանում Թուրքիան, որի բանտերում են հայտնվել ՆԱՏՕ-ի հետ սերտ հարաբերություններ ունեցող բանակի հարյուրավոր սպաներ։