Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Նախատեսվում է հեշտացնել հաշմանդամություն ունեցող անձանց թոշակավորման համար դիմելու ձևը (տեսանյութ)

 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում մշակվում են մի շարք ծրագրեր, որոնք կիրականացվեն միայն համապատասխան օրենքի ընդունումից հետո: Ըստ այդ նախագծերի՝ հեշտացվում է հաշմանդամություն ունեցող անձանց թոշակավորման համար դիմելու ձևը, ամբողջ գործընթացն իրականացվելու է էլեկտրոնային համակարգով։

Այս մասին տեղեկացրեց Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի և հավասար հնարավորությունների ապահովման բաժնի պետ Աննա Հակոբյանը:

«Հաշմանդամության կարգ ստանալու համար դիմելու անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացվեն էլեկտրոնային ձևով: Կազմակերպման համար պետք է ակտիվ համագործակցենք Տարածքային կառավարման նախարարության հետ, ակտիվացնենք համայնքները, քանի որ  առանց համայնքի ներգրավման՝ որևէ աշխատանք զարգացնել հնարավոր չէ»,- նշում է Աննա Հակոբյանը:

Նախատեսված բարեփոխումներով՝ այսօր գործող բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների փոխարեն կձեւավորվի մասնագետների խումբ՝ «ռեեստր»։

«Այս մասնագիտական թիմը կարող է լիարժեք գնահատել անձի կարիքը և որոշել այն ծառայություները, որոնք պետք են նրան: Անձի համար պատահականության սկզբունքով կձևավորվի հանձնաժողով, որը կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակ ունի»,- նշեց նա՝ շարունակելով.

«Երեկ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստում քննարկվել է այն օրենսդրական նախաձեռնությունը, որով պետք է ներդրվի այս մոդելը: Առաջիկայում օրենքի նախագիծը քննարկման կդրվի շահագրգիռ գերատեսչությունների հետ, ապա կներկայացվի կառավարություն: Նախատեսված է, որ օրենքի նախագիծը ԱԺ կներկայացվի հաջորդ տարի՝ մինչև մարտ ամիս»,- նշեց Աննա Հակոբյանը: