Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130991
A A
Հասարակություն

ԲԴԽ նիստը հետաձգվեց

10 րոպեանոց ընդմիջումից վերադառնալուց հետո Բարձրագույն դատական խորհրդի նիստի ժամանակ Հայկ Հովհաննիսյանը միջնորդեց որպես վկա նիստին հրավիրել դատավորներ Ստեփան Միքայելյանին և Սուրեն Անտոնյանին, որովհետև նրանք 2018թ. նոյեմբերի 8-ին Դատավորների ընդհանուր ժողովին ելույթներ են ունեցել և իրենց անհամաձայնությունը հայտնել Նախշուն Տավարացյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելուն (հեղ. նրանք եղել են ԲԴԽ անդամի թեկնածուներ, սակայն չեն ընտրվել):

Այնուհետև նրանք 2018թ. դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած Դատավորների ընդհանուր ժողովին կրկին բարձրաձայնել են նախորդ ժողովի ժամանակ ընտրության օրինականության վերաբերյալ, նոր ընտրություններ կազմակերպելու առումով և իրենց թեկնածությունը կրկին վերահաստատելու վերաբերյալ:

Հայկ Հովհաննիսյանին հետաքրքրում էր, թե ինչո՞ւ պարոն Միքայելյանը և պարոն Անտոնյանը չեն մասնակցել 2019թ. հուլիսի 11-ին Դատավորների ընդհանուր ժողովին և իրենց թեկնածությունը ներկայացրել՝ ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրվելու համար:

Նիստը վարող Սերգեյ Չիչոյանը կարծիք հայտնեց, որ այդ միջնորդությունը քննարկման ենթակա չէ: Նա ցանկացավ միջնորդությունը հանել, սակայն Հայկ Հովհաննիսյանը պնդեց, որ նա իրավասություն չունի այն հանելու:

Այնուհետև տարաբնույթ կարծիքներ հնչեցին, ապա որոշվեց քննարկել միջնորդությունը: Ավելի ուշ քվեարկության արդյունքում 5 կողմ, 4 դեմ ձայների հաշվարկով միջնորդությունն ընդունվեց:

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը հայտարարեց նիստը հետաձգելու մասին՝ վկաներին նիստին հրավիրելու համար: Օրվա և ժամի մասին լրացուցիչ տեղեկություն կհրապարակվի: