Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Ուզում եմ հավատալ, որ թատրոնները «շունչ կքաշեն». Կոնստանտին Օրբելյան

Նոր, վառ ներկայացումներ, աննախադեպ հյուրախաղեր, հոբելյանական ու թեմատիկ համերգային երեկոներ՝ նաև աշխարհի լավագույն բեմերում փայլող մենակատարների մասնակցությամբ, հանդիսատեսով լի դահլիճներ:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեծ պատշգամբում, մինչ թատերաշրջանի փակումը, առաջին անգամ կազմակերպվել էր «Օպերան բաց երկնքի տակ» խորագիրը կրող համերգային երեկո՝ թատրոնի մենակատարներ Դիանա Հարությունյանի, Աննա Այվազյանի, Հովհաննես Անդրեասյանի և կոնցերտմայստեր Արմեն Աղաջանյանի նվագակցությամբ: Առաջին փորձն էր, սակայն երեկոն իրապես ստացվեց՝ շնորհիվ հատընտիր ծրագրի, հիանալի երգեցողության, անբռնազբոս մթնոլորտի ու  ջերմ ու շնորհակալ հանդիսատեսի:  

Ի դեպ, համերգի բոլոր տոմսերը վաճառվել էին:  

Համերգային երեկոյից հետո «Ա1+»-ը զրուցեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ:

-Պարոն Օրբելյան, 86-րդը  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համար իրադարձություններով լի թատերաշրջան էր, և մարդկային կրքերը զարգանում էին ոչ միայն բեմում: Հուսով ենք՝ 87-րդ թատերաշրջանում միայն ստեղծագործական վերելքը կշարունակվի: Ի՞նչ նոր նախագծեր, ծրագրեր եք պատրաստվում իրականացնել: 

-Ծրագրերն ու անելիքները շատ են: Նախ, Թումանյանի հոբելյանական տարվա առիթով Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի նոր բեմադրության համար մրցույթ էր հայտարարված և մոտակա օրերին արդեն մշակույթի փոխնախարարներն ու նաև թատրոնի դիրիժորներից ու երաժիշտներից կհավաքվեն՝ ծանոթանալու, քննարկելու, և եթե առաջարկություններից որևէ մեկը չհաստատվի, նոր մրցույթ ենք հայտարարելու: Ի դեպ, առաջին անգամ է, որ նոր բեմադրության համար մեր թատրոնը միջազգային մրցույթ է հայտարարում: Սա կարևոր հանգամանք է, քանի որ այս ձևով միջազգայնացնում ենք մեր ազգային ներկայացումը:

Կոմիտասի հոբելյանական միջոցառումների շրջանակում ևս կվերաբեմադրվի Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետը, նույն սկզբունքով:

Վերա Կասպարովան, որ համագործակցում է հայտնի բալետմեյստերների հետ, որպիսին, օրինակ Էյֆմանն է, Երևան էր եկել իմ հրավերով: Ծանոթացավ  բալետային խմբի հետ, կաշխատի նրանց հետ և արդեն հոկտեմբերին բեմադրության հետ կապված իր առաջարկները կանի:

Մեծ թատրոնի հետ բանակցություններ ենք վարում, ինչպես ես գնեցի «Չիպոլինո» բալետի զգեստները, դեկորացիաները, հիմա ութ բալետային և օպերային ներկայացում են առաջարկել, մասնավորապես՝ Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը», Բելլինիի «Լուսնոտը», Չայկովսկու «Պիկովոյա դաման»: Մոտակա ժամանակ Մոսկվա եմ գնում՝ արդեն պայմանավորվելու:

Նաեւ կշարունակենք օպերաների համերգային ձևաչափի ներկայացումները։

Ծրագրերը և նախագծերը շատ են, մնում է հասկանալ, թե նախարարությունը որքանով պատրաստ է ֆինանսավորել ծրագրերը: Գիտեք, գաղտնիք ասած չեմ լինի՝ Օպերային թատրոն պահելը հեշտ գործ չէ, ավելի ճշգրիտ՝ շքեղություն է փոքր երկրի համար: Բայց դուք տեսեք՝ ինչ ձայներ ունենք, ինչ վերելք է ապրում նվագախումբը, իսկ հանդիսատեսը վերադարձել է, և անշլագներ ենք գրանցում: Սա իրոք պարտավորեցնող է, և կառավարությունը պետք է ճիշտ քայլեր իրականացնի:

-Պարոն Օրբելյան, Դուք արդեն հանդիպե՞լ եք մշակույթի փոխնախարարի հետ, և  արդյո՞ք կոնկրետ պայմանավորվածությունների մասին կարելի է խոսել:

-Այո, հանդիպել եմ: Ուրախ եմ, որ պարոն Խզմալյանն է զբաղեցնում այդ պաշտոնը: Նախ՝ թատերագետ է, այսինքն՝ ոլորտից լավատեղյակ է: Գիտի և կարևորը սիրում է թատրոնը: Ուզում եմ հավատալ, որ, թատրոնների վիճակը «կթեթևանա», և թատրոնները «շունչ կքաշեն»:

-Կստեղծվի՞ թատրոնի նոր կառավարման խորհուրդ: Դուք քննարկե՞լ եք այս հարցը փոխնախարարի հետ:

 -Ոչ, առայժմ չենք խոսել այս մասին, բայց այն, ինչ արվեց, միանգամայն աբսուրդ էր: Ինչպես կարող է, օրինակ, թատրոնի տնօրենը չընդգրկվել կառավարման խորհրդում, կամ նախագահ նշանակվի մեկը, ով ներկայացումների պրեմիերաներին  անգամ չի ներկա չի եղել: Հուսով եմ՝ այս ամենը կշտկվի:

-Դուք դատական հայց եք ներկայացրել, ի՞նչ եք կարծում, որքա՞ն ժամանակ կտևի գործընթացը, և ի՞նչ որոշում եք ակնկալում։

-Մեկ օրում նման հարցերը չեն լուծվում: Լսումը սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին ենք սպասում: Թատրոնի իրավաբանները լավագույններից են, պրոֆեսիոնալ են և իրենց գործը մասնագիտորեն են կատարում:

Ես երաժիշտ եմ և քաղաքականությամբ չեմ զբաղվում: Ինձ հրավիրել են աշխատելու, երեք տարվա պայմանագիր են կապել, հիմա ի՞նչ հիմքով են խզում: Ի վերջո, սա ինձ համար չեմ արել: Արդարությունը պետք է վերականգնել: Հուսով եմ, որ արդարությունը կհաղթանակի:

Հիշեցնենք, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանն ազատվել էր տնօրենի պաշտոնից: Նրա լիազորությունները դադարեցվել են՝ ՊՈԱԿ-ների մասին օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ըստ որի՝ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հետ մեկտեղ անձն իրավունք չունի զբաղեցնել մեկ այլ պաշտոն՝ բացի մանկավարժական, ստեղծագործական և գիտական աշխատանքից: