Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Լենա Նազարյանը չի ցանկանում մեկնաբանել Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը (տեսանյութ)

Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը չի մեկնաբանում երեկ հրապարակված Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությունը, որում նշվում է, որ Եվրոպայից ժամանած պատվիրակության  հետ քննարկումների արդյունքում Հայաստանի իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։

«Չեմ ուզում մեկնաբանել այդ փաստաթուղթը, չգիտեմ, թե այն ի՞նչ է, ի՞նչ հադիպման ժամանակ է նշվել, սևագի՞ր է, թե՞ չէ։ Առհասարակ անհասկանալի է, թե ինչ փաստաթուղթ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Լենա Նազարյանը նշեց, որ  պաշտոնյայի համապատասխանությունը տվյալ պաշտոնին ստուգելու համար չափորոշիչներ են մշակվում։

«Արդարադատության նախարությունում հիմա մշակվում են օրենսդրական փոփոխություններ։ Սեպտեմբերին Ազգային ժողովում դրանք կքննարկենք ու կընդունենք, և դրանց հիման վրա էլ տեղի կունենա ստուգման գործընթացը։ Դրա անունը կդնենք վեթթինգ, թե բարեվարքություն, ըստ էության նշնակություն չունի։ Մեր հանձնառությունը՝ դատական համակարգը առողջացնելու, ամբողջությամբ ուժի մեջ է, և մենք դա իրականացնելու ենք»,- ընդգծեց նա։

 Ի դեպ, ըստ Ազգային ժողովի փոխխոսնակի՝  դեռևս խորհրդարանը  չի քննարկել Վահե Գրիգորյանի նամակը։