Բացել լրահոսը Փակել լրահոսը
Taron Venice
A A
Քաղաքականություն

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը կիսում է Վենետիկի հանձնաժողովի վերոնշյալ կարծիքը

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության կողմից հրապարակված Վենետիկի հանձնաժողովի՝ 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-21) արձանագրությանը «Ա1+»-հետ զրույցում անդրադարձավ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական մշտական հանձնաժողովի անդամ, իրավաբան Տարոն Սիմոնյանը:

Հանձնաժողովի արձանագրության մեջ տեղ էր գտել այն կետը, որ Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է,, ոչ էլ օգտակար, ինչպես նաև, որ համաձայնության են եկել, թե վեթինգի փոխարեն պետք է ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը՝ դրանք կապակցելով եկամուտների և գույքի հայտարարագրման համակարգին

Այս կետի կապակցությամբ պատգամավորն ասաց, որ համաձայն է այս դիրքորոշման հետ՝ նշելով, որ նախ իշխանությունները պետք է փորձեին սպառել վերոնշյալ ընթացակարգերը և միայն արդյունքներից հետո մտածել վեթինգի կիրառման մասին: «Մենք նախկինում նույնպես հայտարարել ենք վեթինգի վերաբերյալ մեր մոտեցումների մասին»,- ասաց Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ վեթինգի վերաբերյալ  ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արման Բաբաջանյանը մտահոգություն էր հայտնել իշխանությունների կողմից վեթինիգը սկսելու շտապողականության վերաբերյալ՝ նշելով Քենիայի չհաջողված փորձը: Նա նաև հայտարարել էր, որ սխալ վեթինգն ավելի վտանգավոր է, քան՝ վեթինգի բացակայությունը:

Սահմանադրական «դատավոր» և «անդամ» բառերի վերաբերյալ

Հարցին, թե արդյո՞ք սպասելի էր, որ հանձնաժողովը ողջամիտ չէր համարելու Սահմանադրական դատարանի «դատավոր»-«անդամ» տարբերակումը, Լուսավորական պատգամավորն ասաց՝ «Այո», քանի որ Վահե Գրիգորյանի արած մեկնաբանությունը իրավական մեկնաբանության որևէ մեթոդիկայի մեջ չի տեղավորվում:

«Իրավաբանական համայնքի գերակշիռ մասը համաձայն չէ ԱԴ նորընտիր դատավորի (հեղ. - Վահե Գրիգորյան)  հայտարարությանը»,- ընդգծեց պատգամավորը:

Իսկ թե ո՞րն է ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը, իրավաբան պատգամավորն ասաց, որ ՍԴ ճգնաժամ չկա, Սահմանադրական դատարանը գործում է և շարունակելու է իր բնականոն գործունեությունը:

Եզրափակելով՝ Սիմոնյանն ասաց, որ ամբողջովին կիսում է Վենետիկի հանձնաժողովի վերոնշյալ կարծիքը:

Նշենք նաև, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանն ավելի վաղ «Ա1+»-ի հետ զրույցում ասել էր, Վենետիկի հանձնաժողովի արձանագրության մեջ որևէ ապոկալիպտիկ բան չկա, և  Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ի գիտություն կընդունվի իրենց կողմից: