Բացել լրահոսը Փակել լրահոսը
7017F34C-9B5E-46EC-A97E-1F61B2D9E4ED_cx0_cy4_cw0_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Դատական համակարգը պետք է բարեփոխել, ես համաձայն եմ ՀՀ վարչապետի հետ. Արման Թաթոյան

Վենետիկի հանձնաժողովի եզրակացության ԱԺ-ին վերաբերող հատվածը  մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առանձնացնում է:  Վենետիկի հանձնաժողովին անհանգստացրել էր  ԱԺ վերաբերմունքը՝   ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությանը:  Հանձնաժողովն արձանագրել էր, որ կարող է առաջանալ գործող դատավորների մանդատների նկատմամբ միջամտության վտանգ։


«Իշխող խմբակցության պատգամավորները պետք է նկատի ունենան, որ իրենց ցանկացած հայտարարություն, որը առնչվում է այդ հարցերին, կարող է միջազգային կազմակերպությունը ընկալել որպես կառավարության թաքնված դիրքորոշում: Այսինքն՝ դիրքորոշում, որը կառավարությունը չի հայտնում, բայց դա փոխարենը հայտարարում է, օրինակ՝ իշխանական խմբակցության պատգամավորը: Դա միջազգային կազմակերպության կողմից, երեւույթների, մարդու իրավունքների  գնահատման կարեւոր սկզբունքներից է, դրա համար է նաեւ, որ ես գտնում եմ, որ այդ առումով մենք պետք է ունենանք հստակ տարանջատում»,-ասաց Արման Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը նկատեց, որ ինչ էլ լինի, պետք է յուրաքանչյուր հարց քննության ենթարկել, դիտարկել գործող Սահմանադրության եւ օրենքներին համապատասխան:

«Եւ իրավունք չունենք, որեւէ մեկ անգամ թույլ տալ այնպիսի գործողություն, որը կարող է խախտել Սահմանադրությունը կամ օրենքը, որովհետեւ դա կարող է նաեւ դատական իշխանության դեպքում բացասական ազդեցություն կունենա երկրի միջազգային վարկի վրա: Դատական իշխանության համակարգում մենք ունենք խնդիրներ, որոնք պետք է բարեփոխման ենթարկել, հրատապ լուծվեն եւ այս հարցում ես, ՀՀ վարչապետի հետ լիարժեք համաձայն եմ եւ աջակցում եմ այդ դիրքորոշմանը: Վեթինգի հետ կապված, մենք կարող ենք կոնկրետ կոմպոնենտներ ներդնելու ճանապարհով գնանք»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: