Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Տեղի է ունեցել ԱՀ ԱԺ և ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը

 

Հուլիսի 14-ին Արցախի խորհրդարանում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանը և Վլադիմիր Վարդանյանը: Համատեղ նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգրքի քննարկումը:

Բացելով նիստը՝ ԱՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը ողջունել է համատեղ նիստի կազմակերպումը՝ ընդգծելով երկրի համար կարևոր իրավաքաղաքական փաստաթղթի՝ ընտրական օրենսգրքի շուրջ տարբեր ձևաչափերով կազմակերպված քննարկումների անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը բացման խոսքում կարևորել է հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև գործնական կապերի նշանակությունը և պատրաստակամություն հայտնել՝ անցկացնելու արդյունավետ քննարկումներ Ընտրական օրենսգրքի շուրջ:

ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ողջունել է երկու հանձնաժողովների համատեղ նիստը՝ ընդգծելով, որ սրանով գործնականում դրսևորվում է խորհրդարանների միջև համագործակցությունը, որը փոխադարձ օգտակար է օրենսդրական փորձի փոխանակման տեսնակյունից: Անդրադառնալով Ընտրական օրենսգրքին՝ խորհրդարանի նախագահը նշել է, որ նախագծի շուրջ քննարկումները կազմակերպվել են՝ ապահովելով լայն մասնակցություն ինչպես Արցախի արտախորհրդարանական ուժերի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության պետական հաստատությունների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների:

Ներկայացնելով ԱՀ Ընտրական օրենսգրքի նախագիծը՝ ԱՀ արդարադատության նախարար Արարտ Դանիելյանը անդրադարձել է նաև խմբակցությունների կողմից ներկայացված առաջարկություններին և պատասխանել երկու խորհրդարանների պատգամավորների առաջադրած հարցերին:

Համատեղ նիստի արդյունքները ամփոփվել են հանձնժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանի և Վլադիմիր Վարդանյանի ճեպազրույցի ընթացքում:

Արցախի Հանրապետության

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին