Բացել լրահոսը Փակել լրահոսը
4A219A69-8C20-4419-8D6D-205EB167B987_w800_h450
A A
Քաղաքականություն

Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ՝ ԱՄՆ-ի կոնգրեսականները (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն

Միացյալ Նահանգները պետք է առաջնորդի Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանջանքերը, համոզված է ԱՄՆ-ի կոնգրեսական Ջուդի Չուն, ում կողմից առաջարկված օրենսդրական նախաձեռնությունն այս շաբաթ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հավանության է արժանացել.

«Ինձ չափազանց մտահոգում են Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանին տեղի ունեցող միջադեպերը»:

Կոնգրեսական Չուի օրենսդրական նախաձեռնությամբ 2020 թվականին նախատեսվում է ԱՄՆ-ի պետբյուջեից գումար հատկացնել հայտնի «Ռոյս-Էնգելի» նախաձեռնության իրականացմանը: 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ԱՄՆ-ի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարների կողմից մշակված այս նախաձեռնությունը նախատեսում է Ադրբեջանի եւ Ղարաբաղի շփման գծից հանել դիպուկահարներին եւ հրետանին, տեղադրել հատուկ սարքավորումներ, որոնք թույլ կտան պարզել հրադադարի խախտման մեղավորներին, եւ զգալի ավելացնել ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցչի դիտորդների քանակը:

«Մենք պետք է խաղաղություն ապահովենք սահմանին եւ ես առաջարկել եմ 4 միլիոն դոլար հատկացնել այդ նպատակով: Այս համատեքստում նշեմ նաեւ պալատի հավանությանն արժանացած կոնգրեսական Շերմանի նախաձեռնությունը, որը արգելում է Ադրբեջանին որեւէ զենք տրամադրել, որը կարող է օգտագործվել ԼՂ քաղաքացիական օդանավերի դեմ»:

Միացյալ Նահանգների առավել ակտիվ ներգրավումը տարածաշրջանում խաղաղության պահպանման մեջ կարեւոր է համարում նաեւ կոնգրեսական ԹիՋեյ Քոքսը, ում օրենսդրական նախաձեռնությունը, որ նախատեսում է Լեռնային Ղարաբաղին ամերիկյան օգնություն հատկացնել, նույնպես հավանության է արժանացել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում:

«Այս նախաձեռնությունը կարեւոր է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, Արցախի ժողովրդի համար այլեւ անձամբ ինձ համար: Չնայած, որ պատերազմն ավարտվել է ավելի քան երկու տասնամյակ առաջ, մինչ օրս այնտեղ մնացել են հազարավոր ականներ: Իմ համոզմունքն է, որ ոչ մի ընտանիք, ոչ մի երեխա չպետք է վտանգի ենթարկվի ականների պատճառով»:

Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներից բացի կոնգրեսական Քոքսի նախաձեռնությունը նախատեսում է նաեւ ԱՄՆ-ի պետբյուջեից 2020 թվականին ֆինանսավորում հատկացնել ղարաբաղյան հիվանդանոցներին եւ վերականգնողական կենտրոններին:

Նշենք, որ Միացյալ Նահանգները, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն է, պաշտոնապես հայտարարում է, որ աջակցում է ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը՝ սահմանների անձեռնմխելիության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի շրջանակներում: