Բացել լրահոսը Փակել լրահոսը
20190712_200444
A A
Մշակույթ

«Ոսկե ծիրանը» ընտանեկան բիզնես չէ, փառատոն է․ Հարություն Խաչատրյան

ՀՀ նախագահի նստավայրում, որտեղ Արմեն Սարգսյանը հյուրընկալել էր «Ոսկե ծիրանի» մասնակիցներին և հյուրերին, Հայաստանի կինոգործիչների միությունը և մասնագիտական այլ կազմակերպություններ հանձնեցին իրենց մրցանակները:

«Այս մրցանակները մեզ համար շատ կարևոր են»,- ասաց «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը` շնորհակալություն հայտնելով երիտասարդ թիմին:

«Փառատոնը լավ անցկացրեցին ու լավ ֆիլմեր ընտրեցին, հիմա էլ նրանք կհայտարարեն հատուկ մրցանակները»:

Այնուհետեւ նա կատակով դիմեց «Ոսկե ծիրան»-ի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանին. «Հիմա կխնդրեմ դա անել Հասմիկին, որը մեզ արդեն չի հիշում, երեկ,  օրինակ, մոռացել էր իմ անուն ազգանունը, կնոջս ազգանունն էլ ցուցակի մեջ չկար, ու նրան ներս չթողեցին, բայց սա ճիշտ է, քանի որ «Ոսկե ծիրանը» ընտանեկան բիզնես չէ, ,փառատոն է»:

Հայաստանի ազգային կինոակադեմիան իր մրցանակը հանձնեց  «Իմ նոր տարի» ֆիլմին, որի ռեժիսորը Արուսիկ Սիմոնյանն է: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կողմից լավագույն ֆիլմ ճանաչվեց ռեժիսորԱրման Հարությունյանի «Դեկտեմբերը»:

«Բարդ ընտրություն էր,տարբեր էին ֆիլմերը,սակայն մեր կարծիքով՝ սա լավագույն ֆիլմն էր»,- ասաց Միքայել Դովլաթյանը:

Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիան իր մրցանակը շնորհեց իրանական արտադրության «Փայտփորը» ֆիլմին:

«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի մրցանակը ստացավ վրացական «Հորիզոն» ֆիլմը, Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքը հանձնեց երկու  մրցանակ, ռեժիսոր Արթուր Սուքիասյանին՝ «Բերդ» ֆիլմի համար և վրաց ռեժիսոր Գեորգի Թավարթքիլաձեին՝ «Վատ մարդիկ» ֆիլմի համար:

«Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամի հատուկ մրցանակը, որ երկրորդ անգամ է շնորհվում, դերասանի այրին՝ Նելի Սարգսյանը, հանձնեց գյումրեցի դերասան Ֆրունզե Ամիրխանյանին՝ «Ես տուն կվերադառնամ» ֆիլմի համար:

«Ոսկե ծիրան»-ի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը իր խոսքում ասաց, որ չնայած այս փառատոնը հիմնադրել է ռեժիսոր, և այն համարում են ռեժիսորական փառատոն, կարևորում են այս մրցանակը:

Վաղը՝  «Մոսկվա» կինոթատրոնում «Ոսկե ծիրան»-ի փակման արարողության ժամանակ, կհայտարարվեն մրցանակակիր ֆիլմերն, ու կհանձնեն գլխավոր մրցանակները: