Բացել լրահոսը Փակել լրահոսը
abovyan
A A
Քաղաքականություն

Լեհական կողմը շատ զարմացած էր, որ մենք փող չէինք ուզում իրենցից. Արման Աբովյան

Ազգային ժողովի  արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը հուլիսի 2-4-ը  մեկնել է Վարշավա: Հանդիպումներ են եղել Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ ԵՄ հարցերով հանձնաժողովի անդամների հետ:

 «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պատվիրակության անդամ  Սոս Ավետիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ քննարկվել է վիզաների ազատականացման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և երկու երկրների միջև հարաբերությունների վերաբերյալ հարցեր:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նշեց, որ լեհական կողմը հետաքրքրված էր այն իրավիճակներով, որոնք  հիմա տեղի են ունենում Հայաստանում:

«Նրանք ուզում  էին հասկանալ, թե ինչ է փոփոխվել Հայաստանում, ոչ թե դեկլարատիվ, այլ իրականում՝ ինչ փոփոխություններ են նախատեսվում: Շատ էին հետաքրքրված հակակոռուպցիոն մարմնի, տարածաշրջանային և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերով»,- ասաց նա:

Հայաստանի պատվիրակությունը  հանդիպում է ունեցել նաև Լեհաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը  տեղեկացրեց, որ լեհ գործընկերների հետ խոսել են նաև մտահոգող հարցերի վերաբերյալ:  

 «Լեհաստանի արտաքին գործերի նախարարը Բաքվում հայտարարություն էր արել, որում սատարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չնշելով ազգերի ինքնորոշումը: Դա մեզ մտահոգվելու առիթ էր տվել և մենք անկեղծ քննարկում ունեցանք դրա վերաբերյալ: Կարող եմ ասել, որ դրա արդյունքը եղել է այն, որ Լեհաստանի արտաքին գործերի նախարարը մեզ հավաստիացրեց, որ այսուհետ Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը կլինի ավելի ուշադիր  և բալանսավորված իր հայտարարություններում»,- ընդգծեց Անուշ Բեղլոյանը:

Լեհաստանի ներկայացուցիչները զարմացել են, որ հայկական պատվիրակությունը փող չի ուզել իրենցից: Այս մասին ասաց ԲՀԿ-ական Արման Աբովյանը:

Ի լրումն նրա, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նկատեց, որ թեև հայկական կողմը փող չի ուզել, բայց նաև չի ասել, թե ինչ է ուզում:
«Արտաքին գործերի նախարարության պաշտոնյան ինձ հարցնում էր, որ իրենք մեկ տարի է փորձում են Հայաստանից հասկանալ այն առաջնահերթության մասին, որի շուրջ կարող են խոսակցություններ լինել Հայաստանի և Լեհաստանի միջև, և մինչև հիմա նրանց այդ առաջնահերթությունը պատկերավոր չի ներկայացվել»,- շեշտեց նա: