Բացել լրահոսը Փակել լրահոսը
tigran
A A
Քաղաքականություն

Սահմանադրական դատարանի կողմից այդ դիմումը չէր կարող վարույթ ընդունվել. Տիգրան Եգորյան

Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆբ-յան իր էջում գրել է.

 

Սույն դիմում-կոչի պատճառը ՀՀ Սահմանադրական դատարանի անունից հրապարակված 08.07.2019թ. աշխատակարգային որոշումն է (ՍԴԱՈ-72), որի համաձայն քննության է ընդունվել ընդհանուր իրավասության դատարանի (քրեական գործ թիվ ԵԴ/0253/01/19, մեղադրյալներ՝ Ռ.Քոչարյան, Յ.Խաչատուրով, Ա.Գևորգյան) դատավոր Դ.Գրիգորյանի դիմումը ՀՀ Սահմանադրական դատարան` որոշելու ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը (20.05.2019թ. որոշում):

Ընդհանուր իրավասության դատարանի` գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու հիշյալ որոշումը բեկանվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 25.06.2019թ. որոշմամբ, հետևաբար Սահմանադրական դատարանի կողմից այդ դիմումը չէր կարող վարույթ ընդունվել: Հիշյալ որոշումն ուղղակիորեն դուրս է Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակից և ուղիղ միջամտություն է եռաստիճան դատական համակարգի կողմից արդարադատության իրականացմանը:

Բացի դրանից սույն որոշմամբ որոշումն ընդունած դատարանի անդամներն ուղիղ անտարբերություն են դրսևորել թիվ ԵԴ/0253/01/19 գործով տուժողների իրավահաջորդների իրավունքների նկատմամբ՝ անտեսելով օրեր առաջ ներկայացված «Մարտի 1-ի» իրադարձությունների վերաբերյալ և/կամ դրանցից ածանցված և Ռոբերտ Քոչարյանին վերաբերող գործերի քննությանը նրանց մասնակցության անհնարինության վերաբերյալ փաստարկները:

Այսինքն այս որոշումը չէր կարող կայացվել մի քանի պոտճառով՝ նախ Սահմանադրական դատարանի անդամների հիշյալ գործի քննությանը մասնակցության անհնարինություն, երկրորդ՝ վերաքննիչ դատարանի կողմից բեկանված լինելու և հետևաբար նման որոշման բացակայություն (Սահմանադրական դատարանի նման լիազորության բացակայություն) և երրորդ՝ Սահմանադրական դատարանի անդամների դատարանի որոշումների կայացման լիազորության վերաբերյալ առկա վեճ:

Այս որոշումն ուղիղ ապացույց է այն բանի, որ Սահմանադրական դատարանի անունից գործող անդամները լծված են կոնկրետ շահերի անշեղ սպասարկմանը, որոնք չեն բխում ՀՀ Սահմանադրությունից:

Հաշվի առնելով ՀՀ ՍԴ` Սահմանադրությամբ սահմանված կազմավորման պահանջների խախտման և Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունը յուրացնելու հետևանքով առաջացած դատարանի, ապաև Սահմանադրական ճգնաժամը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի անդամների` հիշյալ գործի քննությանը մասնակցելու անհնարինությունը (կողմնակալությամբ և կանխակալությամբ պայմանավորված), ինչպես նաև հիշյալ գործի կապակցությամբ զարգացումներն ակնհայտ է Հրայր Թովմասյանի գլխավորությամբ Սահմանադրական դատարանի անդամների անտարբերությունը ՀՀ Սահմանադրությունը պաշտպանելու մասին տրված երդմանը և բոլորովին այլ շահերի պատպանության առաջնահերթությունը, քան նախատեսված են Սահմանադրությամբ:
2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունները («Մարտի 1-ի» իրադարձություններ) Հայաստանի 3-րդ Հանրապետության և ժողովրդի իշխանության (հետևաբար` ինքնիշխանության) դեմ ուղղված ամենաառանցքային հանցագործություններից մեկն էր, որի հետևանքները չեն վերացվել մինչ օրս և շարունակում են իրենց քայքայիչ ազդեցությունը պետության վրա: 
Մարտի 1-ին կրակ բացվեց ժողովրդի վրա, ժողովրդի իշխանության վրա, Սահմանադրության վրա՝ Հայաստանի Հանրապետության վրա: Սահմանադրական կարգի տապալման և իշխանության յուրացման արդյունքում, և դրան հաջորդած` իշխանության մենաշնորհացման գործընթացները հանգեցրին «խորքային» պետության ձևավորմանն ու ամրապնդմանը, ինչի դրսևորումներն առկա են նաև այսօր:

Տարիներ շարունակ Սահմանադրական դատարանն իրականացրել է Սահմանադրության խախտման և ժողովրդի իշխանության յուրացման գործընթացի իրավական վավերացման հիմնական առաքելություն:
Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանի անունից գործող խմբային շահերի սպասարկման գործին լծված անձինք (անդամները), ըստ էության, Ռոբերտ Քոչարյանին վերաբերող գործի քննության շրջանակներում ունեն մեկ նպատակ՝ ավարտին հասցնել «Մարտի 1-ի» հանցագործությունը՝ ապահովելով դրա հիմնական պատասխանատուների անպատժելիությունը: Դրա ամենապարզ ապացույցը, ի հեճուկս ողջ վերոգրյալի` նրանց համառությունն է` ամեն գնով օր առաջ ավարտին հասցնել իրենց ստանձնած պարտավորությունը՝ ի հակառակ ՀՀ Սահմանադրության:

Այս ձևակերպումը պատահական չէ, քանի որ Սահմանադրության անփոփոխելի 2-րդ հոդվածով սահմանված իշխանության միայն ժողովրդին պատկանելության միակ երաշխիքը նախատեսված է հենց նույն հոդվածով՝ «... ժողովրդի իշխանության յուրացումը հանցագործություն է»:

Հետևաբար, ցանկացած մեկնաբանություն, որը անհնարին կդարձնի այդպիսի հանցագործության կապակցությամբ պատասխանատվությունը, ուղղված է Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինքնիշխանության և պետության դեմ:
Չի կարելի թույլատրել «Մարտի 1-ի» հանցագործության կրկնություն և չի կարելի թույլատրել որևէ խոչընդոտ «Մարտի 1-ի» հանցագործության արդյունավետ քննությանը:

Սույնով դիմում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդիր (Ազգային Ժողովին), գործադիր (Կառավարությանը) և դատական իշխանություններին, ՀՀ Նախագահին, Սահմանադրական դատարանի դատավորներին (Վահե Գրիգորյան, Արման Դիլանյան), քաղաքացիական հասարակության բոլոր ներկայացուցիչներին, Ժողովրդին.

Սա բեկումնային պահ է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և ժողովրդի իշխանության վերահաստատման համար:

Ուստի, բոլոր հասցեատերերին խնդրում ենք ձեռնարկել անհրաժեշտ, բավարար և համաչափ միջոցներ` չթույլատրելու նման ոտնձգություն Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության հանդեպ:

Ժողովրդի բարձր վստահությունը վայելող Օրենսդիր և Գործադիր իշխանություններից, ինչպես նաև Հանրապետության Նախագահից ակնկալում ենք անհապաղ արձագանքել Սահմանադրությանը հակառակ և դատարանի լիազորություններից դուրս Սահմանադրական դատարանի անունից այս գործունեության կապակցությամբ, որն ըստ էության պարունակում է հանցագործության հատկանիշներ.

Սույն դիմումը ներկայացվում է Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների անունից, Մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում քաղաքական շարժառիթներով հետապնդումների ենթարկվածների անունից:

Միևնույն ժամանակ, այս դիմումը բաց է ստորագրության համար, ուստի, խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր տուժել են Մարտիմեկյան իրադարձություններից և ովքեր մտահոգ են բարձրացված խնդրով` միանալ այս դիմումին: