Բացել լրահոսը Փակել լրահոսը
66236833_710004282754017_322387744250658816_n
A A
Քաղաքականություն

Հայաստանին հաջողվել է կանխել ԵԱՀԿ ԽՎ-ում հակահայկական ձևակերպումների ընդունումը

Հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում հայկական պատվիրակությունը հաջողվել է  կանխել զեկույցներից մեկում ղարաբաղյան հակամարտության համատեքստում հակահայկական ձևակերպումների ընդունումը։

 «Բանաձևի  նախագծի 10-րդ գլխում խոսվում էր մի շարք կոնֆլիկտների կարգավորման շոշափելի առաջընթացի բացակայության մասին, նաև հիշատակվում էր Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի մասին, ու կար այսպիսի ձևակերպում՝ Ադրբեջանի 7 շրջաններ, որը խայտառակ ձևակերպում էր, հաշվի չէին առնում կոնֆլիկտի կարգավորման հետ կապված Մինսկի խմբի հայտարարությունները: Այսինքն՝  դրանք հակասության մեջ էին մտնում ընդունված ֆորմատի հետ»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:  

Նրա խոսքով՝ ավելի շուտ չէին կարող իմանալ զեկույցի մասին, քանի որ, ըստ ընթացակարգի, զեկույցի բովանդակության մասին իմանում են ԵԱՀԿ ԽՎ-ի բյուրոյի անդամները, որոնց մեջ Հայաստանի պատվիրակությունից պատգամավոր չկա:

Պատգամավորի խոսքով ՝ադրբեջանական պատվիրակությունը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում մեծ կշիռ ունի:

«ԵԱՀԿ ԽՎ-ում պատվիրակները 57 երկիր  են, մոտ 350 պատգամավոր: Նրանց  մի զգալի մասը հանդիսանում է Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ իրենց երկրների բարեկամական խմբերի անդամներ»,- շեշտեց նա:

Հայաստանը դիվանագիտական հաջողության հասել է մի շարք խորհրդարանականների, ինչպես նաև նախագահ Արմեն Սարգսյանի աջակցության շնորհիվ: