Բացել լրահոսը Փակել լրահոսը
default
A A
Քաղաքականություն

ԲՀԿ-ն կողմ կքվեարկի ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի մասին օրենքի նախագծին

Ազգային ժողովում քննարկվող «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը բուռն քննարկումների  տեղիք է տվել:

Ըստ օրենքի նախագծի՝  ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ է նշանակվում վարչապետի կողմից՝ 25 տարին լրացած,  բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային ակտերին, հայերենին և անգլերենին կամ ֆրանսերենին տիրապետող անձը:

Նախագծով ֆիքսված չէ, որ  ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը պետք է ունենա ստաժ:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում օրենքի նախագիծը քննարկելուց հետո որոշ փոփոխություններ են եղել:

 «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը առաջարկություններ է ներկայացրել, ըստ որի՝ պետք է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը լինի 30 տարին լրացած անձ և պարտադիր ունենա  ստաժ:

«ՀՀ ներկայացուցիչը պարտադիր պիտի ունենա նվազագույն ստաժ: Պետք է հասկանա՝ ուր է գնում, որովհետև 25 տարեկան նոր ավարտած ուսանողին էլ կարելի է նշանակել: Անպայման պետք են կանոններ, և դրանց շրջանակում գործել: Տրամաբանական է, որ 25 տարեկան երիտասարդը ֆիզիկապես էլ  ստաժ չի կարող ունենալ և պիտի  նվազագույնը ավարտի բուհ: 30-ը մենք սահմանել ենք նվազագույն շեմը, և կարծում եմ, որ դա ճիշտ որոշում էր»,-ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

Ընդդիմադիր խմբակցության առաջարկներն ընդունվել են, այդ իսկ պատճառով խմբակցությունը կողմ կքվեարկի օրենքի նախագծին: