Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Սոֆյա Հովսեփյանը դեմ է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը (տեսանյութ)

Ի տարբերություն իշխանության որոշ ներկայացուցիչների, որոնք կողմ են Ստամբուլյան կոնվենցիայի  վավերացմանը, Ազգային ժողովի մեծամասնություն կազմող  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը դեմ է: Նա կարծում է, որ կոնվենցիան ռիսկեր է պարունակում, մասնավորապես` 3-րդ սեռ ընտրելու իրավունքի մասով:

«Ինչպես ասել եմ՝ այդ կոնվենցիան չի անցնելու, և շարունակելու եմ պայքարել դրա ընդունման դեմ»,- շեշտեց պատգամավորը:

Սոֆյա Հովսեփյանը բնական է համարում, որ իր ֆեյսբուքյան գրառումը աղմուկ է բարձրացրել, քանի որ այն այլակարծություն էր: Պատգամավորը հուլիսի 4-ին  ֆեյսբուքյան էջում գրառում էր արել` անդրադառնալով լրագրող  Լյուսի Քոչարյանի հրապարակումներին, որոնցում մարդիկ անանուն պատմել են, որ սեռական բռնության դեպքեր տեղի են ունեցել իրենց հետ:

 «Գրելուց առաջ ես շատ լավ պատկերացնում էի, որ հարձակում պիտի լինի իմ մոտեցումների դեմ,  բայց միևնույն ժամանակ ես դրանից չէի ընկճվելու, որովհետև շատ լավ պատկերացնում եմ՝ մի խումբ կա, որը սպասում է, թե ինչ պետք է ես գրեմ, որպեսզի իրենք սկսեն հակահարձակ լինել»,- ընդգծեց պատգամավորը:

Անդրադառնալով իր դեմ ուղղված մեկնաբանություններին, թե պետք է պատգամավորական մանդատը վայր դնի, Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ արդեն իմունիտետ է ձեռք բերել՝ նմանատիպ պահանջներ լսելով, և չի պատրաստվում կատարել այդ  պահանջները:

«Մանդատը ինձ տվել է ժողովուրդը, և ես ժողովրդի՝ ընդ որում, մեծամասնության կարծիքն եմ հայտնում, այնպես որ, որպես  այդ ժողովրդի  դեսպան, որն ուղղորդել է ինձ Ազգային ժողով, պարտավոր եմ պաշտպանել իրենց շահերը և իրենց խոսքը հասցնել յուրաքանչյուրին»:

Պատգամավորի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորեւ.

«Երկու օր է  ուզում էի հասկանալ, թե էս ինչն է պատճառը, որ մի քանիսը սկսել են հիշել իրենց պատմությունները: Պարզվում է մենք «բռնարար» ազգ ենք ու տեղյակ չէինք էդ մասին: Բավակա՛ն է էպիզոդները ներկայացնեք որպես ազգային նկարագիր՝ հանուն ձեր գաղափարների տարածման:
Չի ԱՆՑՆԵԼՈՒ!!!»։

Մանրամասները՝ տեսանյութում: