Հնարավոր է՝ Հայաստանն ունենա «Ծովային օրենսգիրք» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ծովային օրենսգիրք» ստեղծելու գաղափարը ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Փամբուխչյանի մոտ առաջացել է՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը։ Նա ներկայացնում է Մոնղոլիայի և Մոլդովայի օրինակը, որոնք նույնպես չունեն ելք դեպի ծով, սակայն տարբեր երկրներից նավեր են գրանցվում այստեղ և նավարկում նրանց դրոշի ներքո։
ՄԱԿ-ի կոնվենցիայով հաստատված է, որ 44 դեպի ծով ելք չունեցող երկրներ իրավունք ունեն ձեռք բերել ծովային օրենսդրություն և մասնակցել ծովային առևտրին։
«Օրենսդրությունից հետո պետք է գործառույթ սկսենք, որպեսզի Հայաստանը դառնա լիարժեք անդամ և ստանա դրոշ կրելու իրավունք։ Դրոշից կարող են օգտվել այլ երկրների քաղաքացիներ, որի դիմաց իրենք պետք է պետբյուջե վճարեն համապատասխան վճարներ, որը կսահմանի կառավարությունը։ Հնարավոր է նաեւ, որ Հայաստանը ևս ձեռք բերի իր սեփական նավը և կատարի ծովային փոխադրումներ»։
Պատգամավորի խոսքով՝ 220 էջից բաղկացած փաստաթուղթը ունի երկու կարևոր նշանակություն՝ իբրև այլընտրանքային ճանապարհ օգտագործել ծովը և նպաստել տնտեսության զարգացմանը։
Նա համոզված է, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ լինելը կարող է հետաքրքրություն առաջացնել այլ երկրների համար , քանի որ, կրելով հայկական դրոշը, նրանք կարող են անարգել օգտվել ԵԱՏՄ շուկայից և ազատվել մաքսազերծումներից։ Այս պահին հետաքրքրված են Ուկրաինայից և Լիբանանից։
Անդրադառնալով հնարավոր ռիսկերին՝ պատգամավորը նշեց, որ Հայաստանը չի դառնում սեփականատեր, այլ ընդամենը թույլատրում է իր դրոշով նավարկություն իրականացնել, որի դիմաց պետական բյուջե գումար է մուտք գործելու, իսկ կառավարությունը պետք է ստեղծի հարմարավետ միջավայր՝ մրցակցային պայմաններ ստեղծելու համար։