Ոչ մեկին արգելված չէ երևակայել. պատգամավորը՝ Վահե Գրիգորյանի հայտարարության մասին
Աջակցիր «Ա1+»-ինՕրերս ՀՀ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը նամակ էր ուղղել ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ մարմիններին, որում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը ճգնաժամային էր բնորոշել: Այսօր այս թեմայով ասուլիս է տվել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որն այդպիսի ճգնաժամ չի տեսնում:
«Վերլուծելով բոլոր գնահատականները, բոլոր կարծիքները՝ ես արդեն սկսում եմ աստիճանաբար համոզվել, որ այստեղ չկա իրավունքի խնդիր: Որովհետև իրավունքի հարցն արդեն լուծված է: Այստեղ իրավունքի վեճ չկա, կա քաղաքական շահերի խնդիր, և այս կարծիքը ձևավորվել է ինձ մոտ հենց ՍԴ ինքանհռչակ նախագահ ընտրվելու օրը, երբ նա ԱԺ-ում ամբիոնից հայտարարեց, որ ՍԴ անդամի ընտրությունը քաղաքական ընտրություն է: Եթե Սահմանադրական դատարանի դատավորը ապագայում նաև ինքն իրեն տեսնում է նախագահ, ՍԴ-ում դատավորի աշխատանքի ընտրությունը համարում է քաղաքական, սրանով պետք է վերջակետ դնել իրավական վեճերին: Չկա որևէ ճգնաժամ, կա այդպիսի ճգնաժամ տեսնելու առանձին անձանց, գուցե առանձին ուժերի ցանկությունը»,-ասաց Գևորգ Պետրոսյանը։
Վերջինս կոչ արեց ղեկավարվել երկրի հիմնական օրենքով և վերջն դնել անձնական ամբիցիաներին ու հասարակության մեջ ավելորդ իրարանցում չհարուցել:
Խոսելով Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատարանի նախագահի լիազորություն ստանձնելու հայտարարության մասին՝ Գևորգ Պետրոսյանն ասաց, որ ոչ մեկին արգելված չէ երազել, ոչ մեկին արգելված չէ երևակայել:
«Ես էլ կարող եմ ասել, որ այսուհետ ինձ ընդունեք որպես Գվատեմալայի կամ Վենեսուելայի նախագահ, հետո՞։ Բա կոռեկտությունը, բա օրինականությունը: Ինքը առայժմ առերևույթ լեգիտիմ դատավոր է, ինչո՞ւ եմ ասում՝ առերեւույթ, այսինքն՝ ձևական, իրավաբանական նորմերի պահպանման առումով։ Այստեղ կա բարոյականության խնդիր, որն ինքը անուշադրության մատնեց»,- ասաց Գևորգ Պետրոսյանը: