Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ինչպե՞ս է պատկերացնում Աբովյանի քաղաքապետի հետ հարաբերությունները Կոտայքի մարզպետը (տեսանյութ)

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձավ Եղվարդում ժամանակին որպես գործարան ծառայած շինությունում ապրող բնակիչներին հարցին։

Այսօր Եղվարդի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով իրենց ապահովել բնակարաններով և հավաստիացնելով, որ իրենք այդ տարածքում երկար տարիներ օրինական են ապրել՝ մինչև հունիսի 25-ը, երբ ոստիկանության աշխատակիցներն իրենց դուրս են հանել այդ տարածքից։

Պետրոսյանի խոսքով՝ այդ տարածքը պատկանում է Էլիպս ընկերությունների խմբին, և ոստիկանությունը պարտավոր էր ապահովել սեփականատիրոջ սեփականության անձեռնմխելիությունը։ Անդրադառանալով բնակիչների՝ բնակարան տրամադրելու պահանջին՝ մարզպետն ասաց, որ  նրանց առաջարկվել է 6-ամսյա ժամանակավոր կացարանի տրամադրում՝ վարձակալության հիմունքներով, որը կհոգար մարզպետարանը, սակայն բնակիչները չեն համաձայնվել։

«Բայց այդպիսի պահանջով գալ ու կառավարության առջև գիշերելով ուլտիմատում դնել, թե՝ «մեզ տուն տվեք կամ չենք գնում այստեղից», ես ճիշտ չեմ համարում»,- շեշտեց նա։

Հարցին, թե ինչպես է պատկերացնում Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի հետ աշխատանքը, Պետրոսյանն ասաց, որ առաջիկայում մարզխորհրդի նիստ է լինելու, և քաղաքապետը, մնացյալ մյուս 67 համայնքապետերի նման, ներկա կլինի նիստին, և հարաբերությունները պայմանավորված են լինելու «ՏԻՄ օրենքով, Սահմանադրությամբ և այլ իրավակարգավորումներով»։

«Իսկ քաղաքական գնահատականները, որ ես հնչեցրել եմ մինչ ընտրությունները և բուն ընթացքին, մնում են ուժի մեջ, քանի դեռ վերընտրված քաղաքապետը չի ապացուցել հակառակը»,- ընդգծեց Ռոմանոս Պետրոսյանը։

Տեսանյութը՝ 1in TV-ի