Բացել լրահոսը Փակել լրահոսը
Hayk Khanumyan
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Արցախի ընդդիմադիր պատգամավորը բացառում է համագործակցությունը Բակո Սահակյանի որևէ թիմակցի հետ

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցությունը 2020 թ. կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասակցելու է միայնակ։

«Մեր կուսակցությունն առաջադրելու է նախագահի սեփական թեկնածուին ու խորհրդարանական ընտրություններին գնալու է միայնակ, սեփական ցուցակով»,- ասաց Արցախի ԱԺ ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» խմբակցության պատգամավոր, միջազգայնագետ Հայկ Խանումյանը։  Նախագահի թեկնածուի անունը և պատգամավորական թեկնածուների անունները պարզ կլինեն հոկտեմբերին՝ ընտրություններից առաջ կայանալիք կուսակցական համագումարին։

Դիտարկմանը, թե ժամանակին նա աջակցություն է հայտնել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, Խանումյանը պատասխանեց, որ 2015 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ Բաբայանն է աջակցություն հայտնել իրենց։

«2016 թ. մենք պաշտպանում էինք նրա՝ սպառազինությունների մասին ծրագիրը։ Նա Արցախի և ՀՀ իշխանություններին 2011 թվականից առաջարկում էր սպառազինությունների մասին ծրագիր, որը համառորեն մերժվում էր, ինչ հետևանքը եղավ 2016 թ. ապրիլյան էսկալացիան»,- նշեց նա՝ հավելելով, որ ԱՎԿ օրակարգում դեռևս կա այդ ծրագիրը և որ իրենք ողջունում են ՀՀ ներկայիս իշխանությունների քայլերը՝ սպառազինությունների արդիականացման ուղղությամբ։

Խանումյանը նշեց, որ իրենց կուսակցությունը որոշ հարցերում համաձայն չէ Բաբայանի հետ, մասնավորապես՝ Արցախյան հակամարտության կարգավորման հարցում (Բաբայանը հիմնախնդրի լուծման օրինակ նշում էր Արցախը ՌԴ-ի ներքո մանդատային տարածք դարձնելը). «Մեզ համար անընդունելի է ընդհանրապես որևէ գերտերության մանդատի ներքո տեսնել հիմնախնդրի կարգավորումը։ Քննարկման ենթակա էլ չէ այդ հարցը»։

Բաբայանի սկսած քաղաքական պրոցեսն իրենց հետ կապ չունի։ Արցախում Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում փոփոխություն կատարելու նախաձեռնող խմբի հայտարարության համաձայն՝ մասնակցածների թիվն անցել է 23 000-ի սահմանը։

Հարցին, թե բացառո՞ւմ է Բաբայանի հետ համագործակցությունը նախագահական ընտրություններում, ԱՎԿ-ի ղեկավարն ասաց, որ նախ ՊԲ նախկին հրամանատարը պետք է կարողանա մասնակցել։ «Ստորագրությունները հավաքելը բավարար չէ։ Դրանից հետո Գերագույն դատարանը պետք է դրա վերաբերյալ կարծիք հայտնի։ Եթե դրական եղավ, այն մտնում է ԱԺ օրակարգ, և ընդունվելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 2/3-րդը, ինչն այս պայմաններում այդքան էլ հնարավոր չէ»,- ընդգծեց նա՝ ևս մեկ անգամ նշելով, որ սպառազինությունների արդիականացման վերաբերյալ բաղադրիչը  դեռևս ԱՎԿ օրակարգում է։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ իշխանական ուժերը մասնատված կգնան ընտրությունների։ «Այս պահին Բակո Սահակյանին պաշտպանող խորհրդարանական երեք կուսակցությունները առաձին կմասնակցեն ընտրություններին։ Բակո Սահակյանի ուժայինններից և նախկին ուժայիններից բաղկացած նեղ շրջապատն առաձին թիմով կգնա։ Մի խոսքով՝ ես տեսնում եմ, որ այդ ուժերն ունեն մեծ ռեսուրսներ, պետական ռեսուրսներ են բավականաչափ օգտագործում»,- ասաց նա։

Որոշ կուսակցութուններ, ըստ նրա, թալանից ստացված ռեսուրսներ են օգտագործում. «Նրանց ամեն կերպ աջակցում են ՀՀ տարբեր շրջանակներ. Սերժ Սարգսյանից սկսած մինչև տարատեսակ օլիգարխիական շրջանակներ։ Այսպիսի անհավասար պայմանաներ կան, բայց հնարավորություն կա բեկելու ընթացքը, և 2020 թվականի ընտրություններին ժողովուրդը տարատեսակ ընտրակաշառքների չի գնա և, գնահատելով իրավիճակը, կգնա իրական փոփոխությունների»։

«Սասնա ծռեր» կուսակցության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր Արցախի նախագահի ազնիվ, հայրենասեր որևէ թեկնածուի հնարավոր աջակցության մասին։ Խանումյանն ասաց, որ «Սասնա ծռեր»-ի հետ որևէ ինստիտուցիոնալ կապ չկա, չնայած, որ Սեֆիլյանի հետ ժամանակ առ ժամանակ հանդիպում է։ «Չեմ կարծում, որ «Սասնա ծռեր»-ի արցախյան կառույցը ուժեղ է»,- շեշտեց պատգամավորը։

«Իրատես»-ը գրել էր, թե ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նույնպես կարող է մասնակցել ԱՀ նախագահական ընտրություններին։ Սակայն Խանումյանը չի կարծում, որ նա կառաջադրվի. «Նա մի քանի անգամ հայտարարել է, որ դեմ է զինվորականների մասնակցությանը  քաղաքականությանը, և այդ սկզբունքին հավատարիմ կմնա»։

Խանումյանը  2012 թվականի նախագահական ընտրություններում եղել է Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբի հանրային կապերի պատասխանատուն: Այս տարվա մայիսի 31-ին ԱՀ ԱԽ նախկին քրատուղարը հայտարարել էր «Հանուն Արցախի» շարժում սկսելու մասին։ Խանումյանն ասաց, որ շարժմանը միանալու համար Բալասանյանն իր հետ կապ չի հաստատել։

Հնարավո՞ր է համագործակցությունը Բալասանյանի հետ։

2012-ի համագործակցությունը, Խանումյանի փոխանցմամբ, պայմանավորված է եղել Բալասանյանի՝ ընդդիմադիր թեկնածու լինելու հանգամանքով։

«Բալասանյանը 33 տոկոս հավաքեց, որն ամենաբարձրն էր Արցախի պատմության մեջ ընդդիմադիր թեկնածուի համար։ Սակայն, ցավոք սրտի, հետագայում չկոնսոլիդացրեց իր համակիրներին և 2013 թ. համագործակցության գնաց Բակո Սահակյանի հետ, որով կորցրեց իր համակիրների մի մասին»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ բացառում է համագործակցությունը Սահակյանի որևէ թիմակցի հետ։