Իմ հայրը Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ է եղել. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր
Աջակցիր «Ա1+»-ին«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը, ծանոթ չլինելով դատական ակտի հիմնավորումներին, չի մեկնաբանում հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանի կողմից կայացրած վճիռը, որով Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց: Այս մասին նա ասաց խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ:
Պատգամավորը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չկա:
Մարտի 1-ի գործի կասեցումը և Սահմանադրական դատարան ուղարկելու Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման մեջ օրինականության վերաբերյալ կասկածներին կային, ասաց Աննա Կարապետյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանը բեկանել և որոշել էր Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ գործը ուղարկել առաջին ատյան՝ նոր քննության։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման փաստը չմեկնաբանելը պայմանավորվեց նրանով, որ չեն ցանկանում դատական իշխանության գործերին խառնվել:
Լրագրողի հարցին, թե ի՞նչ կլինի «Իմ քայլը» խմբակցության հետ, եթե նրանք չլինեն իշխանություն, և Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ լինի, Աննա Կարապետյանն այսպես արձագանքեց.
«Իսկ ի՞նչ կլինի, կասե՞ք»։
Աննա Կարապետյանին ի հավելումն՝ Սուրեն Գրիգորյանն ասաց.
«Հայաստանի վարչապետը և այլ պետական պաշտոնյաներ ժամանակին քաղբանտարկյալ էին, և այն մարդիկ, որոնք դրա հետևում կանգնած էին, ոնց որ թե ողջ-առողջ են, և իրավական գործընթացից բացի՝ ուրիշ ոչ մի գործընթաց չի լինում նրանց նկատմամբ: Եթե ինչ-որ բան եք ակնարկում, խնդրում եմ՝ չակնարկեք, ուղղակի ասեք»:
Լրագրողի դիտարկմանը, թե Աննա Կարապետյանը, մինչև պատգամավոր դառնալը, նախորդ իշխանության ժամանակ եղել է Պետաիրավական հանձնաժողի փորձագետ և երբևէ հանդես չի եկել քաղաքացիական դիրքորոշմամբ և որևէ կարծիք չի հայտնել Մարտի 1-ի գործի բացահայտման վերաբերյալ, պատգամավորը չհերքեց։ Նշեց, որ աշխատել է հանձնաժողովում, բայց քաղաքականությամբ չի զբաղվել և հավելեց.
«Իմ հայրը Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ է եղել, թույլ տվեք այլևս չշարունակեմ»: