Բացել լրահոսը Փակել լրահոսը
50485404_2300142640016450_2168004705387544576_n
A A
Քաղաքականություն

Բնազդային գործելաոճը շատ հատուկ է եղել Ռոբերտ Քոչարյանին և նրա խամաճիկներին. Արման Բաբաջանյան

 «Ընդհանրապես, բնազդային գործելաոճը շատ հատուկ է եղել Ռոբերտ Քոչարյանին և նրա խամաճիկներին, որոնք այդ շրջանում սպասարկում էին նրա իշխանությանը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե Հայաստանի իշխանությունը Արցախից բնազդով վախենում է:

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորն ընդգծեց, որ  ժողովրդի վստահություն ունեցող իշխանությունը վախ չի կարող ունենալ:

«Դեկտեմբերին մենք («Լուսավոր Հայաստան» խմբակցությունը) հանդիպել ենք Արցախի իշխանությունների հետ և նրանց տրամադրություններում որևէ այդպիսի նշույլ չենք նշմարել: Այո, բազմաթիվ հարցեր են առաջացել, որոնք ոչ թե նոր իշխանությունների ի հայտ գալու պատճառով են, այլ 20 տարի դրանց մասին չի խոսվել, որովհետև դրանով որոշել են զբաղվել Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս  Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի»,- ասաց Արման Բաբաջանյանը:

Հունիսի 24-ին Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «5-րդ ալիքին» և տեսակետ հայտնել, որ Հայաստանի այսօրվա իշխանությունը մտածում է,  թե Արցախը բեռ է, նույնը նաև, ըստ Քոչարյանի, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրսյանն է մտածել:

 «Ես այդպիսի զգացողություն չունեմ, գուցե գործող իշխանության անփորձությունը այդպիսի ընկալումների պատճառ դառնա: Ցանկացած ոք, որը Հայաստանում կարող է հավակնել իշխանության,  պետք է հասկանա, և  վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը ևս գիտակցում է իր պատասխանատվությունը հայ ժողովրդի առաջ՝ ոչ միայն Հայաստանի քաղաքացիների:  Արցախի հետ կապված ցանկացած հարց համահայկական նշանակության հարց է: Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի՝ երբ կարգավորման բոլոր տարբերակներին համաձայնելով, իսկ միջազգային միջնորդների որևէ տարբերակներին ոչ չի ասել Քոչարյանը, համաձայնել է՝  այդ թվում՝ ընդհանուր պետություն, Մեղրիի փոխանակման տարբերակներին, որը մի նպատակի է ծառայել՝ հնարավորինս արագ լուծել Ղարաբաղի հակամարտության հարցը: Իրենց համար Հայաստանը բաժնետիրական ընկերություն էր, որոնց մասնաբաժիններին էին տիրապետում օլիգարխները, այդ մարդիկ ունեին Քոչարյանի հովանավորությունը»:

Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա Արման Բաբաջանյանն ասաց, որ նրա օրակարգում է եղել Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծումը՝ նույնիսկ պատերազմից հետո:

«Ես չեմ հիշում մի դեպք, երբ փորձ է արվել որպես բեռ ներկայացնել Արցախը: Այո,  «Պատերազմ, թե՞ խաղաղություն. Լրջանալու պահը»  հոդվածում Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի զարգացումը կապում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ և ասում է, որ այդ պահին Հայաստանը ավելի ուժեղ է, քան կլինի հաջորդող տարիներին, գուցե դա այդպես էր, բայց հայ ժողովուրդը կատարեց իր ընտրությունը, Լևոն Տեր-Պետրոսյանը զիջեց իր տեղը, և իշխանության եկան նրանք, ովքեր պիտի փոխեին նշանակությունը Արցախի  հայության համար: Որևէ բան չէր խանգարում Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին այդպես վարվել, հակառակը՝ նրանք ավելի խորացրեցին խզումը Հայաստանի և Արցախի միջև: Մեկը, ով Լևոն Տեր-Պետրոսյանին այդպիսի քաղաքականության մեջ է մեղադրում, թող հիշի, որ Լաչինի վերաբնակեցման պետական քաղաքականությունը Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք էր սկիզբ դրվել  և այն վերջացել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման հենց սկզբում: Շատ կարևոր դիտարկում՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել  է, որ որևէ իշխանություն  չի համաձայնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակի շուրջ, եթե դրա տակ չլինի Արցախի ստորագրությունը, դրանով ամեն ինչ ասված է»,- եզրափակեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը: