Բացել լրահոսը Փակել լրահոսը
image_750x_5d07ed77aa80a
A A
Քաղաքականություն

Ե՞րբ էր Երեւանը խառնվում Արցախի ներքին գործերին՝ ըստ Արման Բաբաջանյանի

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը համաձայն չէ  Ռոբերտ Քոչարյանի հայտարարության հետ, թե այսօրվա իշխանությունը կասկածի տակ է դրել Արցախի Հանրապետության անկախությունը:

Հունիսի 24-ին, «5-րդ ալիքին» տված հարցազրույցում  Ռոբերտ Քոչարյանն ասել էր, թե «ի՞նչ է նշանակում Հայաստանից պարտադրել մարդկանց ազատել տարբեր պաշտոններից՝ միայն ինչ-որ հայտարարությունների համար»:

 «1997թ.-ին շրջանառության մեջ դրվեց Մինսկի խմբի կողմից փուլային և փաթեթային տարբերակները ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ: Պաշտոնական Երևանը հակված էր փուլային տարբերակով խնդրի կարգավորման ուղին ընտրել, պաշտոնական Ստեփանակերտը շատ խիստ արձագանքեց Երևանի այդպիսի մտադրություններին: Ես հիշում եմ, թե ինչպիսի լարված հարաբերություններ էին Երևանի և Ստեփանակերտի միջև, բայց դա որևէ կերպ չազդեց բնականոն ընթացքի և զարգացումների վրա, և դրանով որևէ մեկը այդ պահին կասկածի տակ չդրեց Արցախի անկախությունը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Արման Բաբաջանյանը:

«5-րդ ալիքին» տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը նշել էր, որ չի հիշում որևէ դեպք, երբ ինքը կամ Սերժ Սարգսյանը փորձել են ազդեցություն ունենալ Արցախի Հանրապետության վրա:

Բաբաջանյանն ընդգծեց, որ գուցե հրապարակայնորեն նրանք երբեք չեն խառնվել, բայց ինքը շատ լավ հիշում է, թե ինչպես էր Երևանը ժամանակ առ ժամանակ ներքաշվում Արցախում որոշ ներքաղաքական իրադարձություններին: Պատգամավորը կարծում է , որ չգրված օրենք կար, որ Արցախի իշխանությունը ուղղակի չէր  հակառակվում նրանց դիրքորոշումներին:

«Օրինակ, կապված Սամվել Բաբայանի հետ, երբ Արկադի Ղուկասյանի դեմ իրագործվում էր հայտնի մահափորձը, և Երևանը ուղղակի պատասխանատու էր այդ իրադարձությունների համար: Ես հիշում եմ, որ այնտեղ ցանկացած ներքաղաքական իրադարձություն՝ կապված ընտրությունների հետ, ուղեկցվում էր Երևանի համակրանքի և հակակրանքի մասին տարբեր հայտարարություններով: Պիտի հաշվի առնենք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ծագումը, նրանք, լինելով Արցախից,  ինչ-որ իմաստով նաև ոչ միայն Մինսկի  խմբի համանախագահների համար էին դիտարկվում Արցախի տեսակետ հնչեցնող, այլև հանրային ֆոն էին ստեղծել, որ նրանք ուղղակի կամ անուղղակի նաև ներկայացնում են Արցախի իշխանությունների տեսակետը»,- ընդգծեց պատգամավորը: