Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանի հետ ունեցել եմ շատ լավ հարաբերություններ. Լևոն Յոլյան

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը այսօր Ազգային ժողովում լրագրողներին ներկայացրեց 2018թ.  տարեկան հաղորդումը և անդրադարձավ երեկ իր շուրջ տարածված տեղեկություններին, թե ինքը նախկին իշխանությունների մտերիմն է և ասոցացվում է  նրանց հետ: Լևոն Յոլյանը չժխտեց, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ լավ հարաբերություններ է ունեցել:   

«Ես Արմեն Դարբինյանի, Անդրանիկ Մարգարյանի հետ ունեցել եմ շատ լավ հարաբերություններ, Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ ունեցել, քանի որ առիթ չի եղել: Սերժ Սարգսյանի հետ ունեցել եմ շատ լավ հարաբերութուններ: Իմ հաջողությունները  պայմանավորված են ինձնով»,- պարզաբանեց Լևոն Յոլյանը:

Ազգային  ժողովում երեկ՝ հունիսի 24-ին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշել էր, որ Լևոն Յոլյանի կինը  ծրագրել էր Գեղարքունիքի մարզում ոսկու արդյունահանմամբ  զբաղվել: Ի պատասխան պատգամավորի  այս հայտարարության՝ Յոլյանն ասաց, որ նման մտադրություն չի եղել իր ընտանիքում:

«Հանքի շահագործման հետ կապված՝ երբևիցե  ո՛չ ես, ո՛չ ինձ հարազատ մարդիկ ոչ մի առնչություն չենք ունեցել»,- ասաց Հաշվեքննիչ պալատի նախագահը:

 Լևոն Յոլյանը կրկին վերահաստատեց, որ հրաժարական չի տալու, մինչև հարմար գտնի, որ անելիք չունի այդ պաշտոնում: