Բացել լրահոսը Փակել լրահոսը
598924
A A
Քաղաքականություն

«Ադալժենի չենք անում ձեզ». «Իմ քայլի» պատգամավորը՝ ընդդիմադիր գործընկերներին

Աժ-ում քննարկվում է ԱԺ  նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ներկայացրած ինքնավար մարմիններում ընդդիմության թեկնածուներ առաջադրելու և այդ առաջադրումներին հավանություն տալու մասին նախագիծը: Մտքերի փոխանակության ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանն իր ելույթում ասաց, որ  ողջունում է պարոն Միրզոյանի «նախաձեռնողական աշխատելաոճը»։

 Նա հիշեցրեց, որ տարիներ շարունակ խորհրդարանի նախագահն,  ըստ էության, իրականացրել է բացառապես խոսնակի գործառույթներ:

«Հիմա, երբ մենք ունենք մի իրավիճակ, երբ կարևորագույն, ինստիտուցիոնալ ու համակարգաստեղծ օրինագծերը գալիս են ԱԺ նախագահի գրասենյակի կողմից, շատ կարևոր է, որովհետև առավելագույն  լրջություն և ուշադրություն է իրենց վրա սևեռում: Հուսով եմ՝ մենք բազմաթիվ այդպիսի օրինագծեր կունենանք այս տարի, պարոն Միրզոյան:  Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, ես ուզում եմ բացել ձեր աչքերը, այս օրինագիծը նվեր չէ ձեզ,  այսպես ասած «ադալժենի» չենք անում, ընդդիմության քվոտան չի սա, կարկանդակից օգտվելու հրավեր չի, ընդամենը մի իրավիճակ  է, երբ նոր Հայաստանում մենք կարիք ունենք ինքնավար մարմիններում ոչ միայն ապահովել  անկախություն, ինչպես նշեց իմ գործընկեր պարոն Ենգիբարյանը, այլև ունենալ կոռուպցիայից առավելագույնս զերծ այդպիսի մարմիններ»,- ասաց Էդգար Առաքելյանը:

Մանրամասնելով՝ նա ասաց, որ սա արվում է նրա համար, որ այն անդամները, որոնց  իրենք են առաջադրում և ընտրում, ամենևին իրենց  թիմակիցները ու կուսակիցները չեն, պարզապես մասնագիտական որոշակի կարողություններ և անցած ճանապարհ ունեցող մարդիկ են, որոնց իրենք, իհարկե, ի սկզբանե վստահում և գործուղում են այնտեղ:

Բայց որպեսզի մեր քաղաքացիները, ամբողջ համակարգը վստահ լինի, որ այդ մարդիկ ինչ-ինչ պայմանավորվածությունների և կոռուպցիոն գործարքների չեն գնա, անչափ կարևոր է, որպեսզի այնտեղ ընդդիմության ներկայացուցիչ լինի:

«Ուստի, անկախ նրանից, թե մեր ընդդիմադիր գործընկերները, ի հեճուկս իրենց լիդերի տարիներ շարունակ քարոզած փիլիսոփայության,  դեմ կքվեարկեն, թե կողմ կքվեարկեն այս նախագծին, մենք դա անում ենք երկրի համար, այլ ոչ թե ընդդիմադիր կուսակցությունների»,- իր ելույթն այսպես եզրափակեց Էդգար Առաքելյանը: