Բացել լրահոսը Փակել լրահոսը
rob
A A
Քաղաքականություն

Այս իշխանությունների համար Ղարաբաղը բե՞ռ է, Լևոն Տեր-Պետրոսյանի համար բեռ էր. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը  վտանգներ է տեսնում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի իշխանության որդեգրած քաղաքականության վերաբերյալ։ Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է նա։

«Չեմ հասկանում, թե ո՞նց կարելի է բանակցել  առանց այդ բանակցությունների ռազմավարությանը, առանց տեսլականի, թե ինչպես ես տեսնում հարցի կարգավորումը»,- նշել է Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանը ուշագրավ հայտարարություն արեց, թե Հայաստանի իշխանությունը կասկածի տակ է դրել Արցախի Հանրապետության անկախությունը։

«Ի՞նչ է նշանակում Հայաստանից պարտադրել մարդկանց ազատել տարբեր պաշտոններ, միայն ինչ-որ հայտարարությունների համար։ Ի լուր աշխարհի, նաև  համանախագահողների, Հայաստանի իշխանությունը  ցույց է տալիս, որ այդ կարգի ազդեցություն ունի Ղարաբաղի վրա։ Երբեք մեզնից ոչ մեկ ցույց չի տվել և չի էլ փորձել ունենալ նման ազդեցություն»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։ Նա նաև հավելել, է, որ Հայաստանի իշխանությունը վտանգ է զգում Արցախի իշխանությունից։

«Իմ տպավորությամբ,  իրենք Արցախից որոշակի վտանգ են զգում՝ բնազդով, որովհետև հասկանում են որ այդ տեսակի մարդիկ են այնտեղ իշխանության, որ իրենց տեսակետի հետ չի խոսում, և պետք է նրանցից ազատվել»,- հայտարարել է նա։  

«Այնքան ժամանակ, ինչքան հայաստանցի- ղարաբաղցի տարանջատումը լինի, մենք վտանգի առաջ ենք կանգնած լինելու։ Հայաստանը պետք է Ղարաբաղին դիտի որպես մեկ միավոր, որը Հայաստանի անվտագության լուրջ բաղադրիչն է, առանց որի Հայաստանը չափազանց կթուլանա»,- շեշտել է Ռոբերտ Քոչարյանը ու հարց բարձրացրել․

 «Ձեր կարծիքով, Հայաստանի իշխանությունների համար Ղարաբաղը բե՞ռ է, թե ինչ-որ բանի հասնելու հնարավորություն»,- հարցն ուղղել է լրագրողին, այնուհետև անձամբ պատասխանել, որ ինքը տեսնում է, որ Հայաստանի իշխանությունը այդպես է մտածում։ Ռոբերտ Քոչարյանը նաև նշել է, որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է այդպես մտածել։ «Առաջին նախագահը ճիշտ այդպես էր մտածում, որ Ղարաբաղը բեռ է»։

Իսկ ի՞նչ տեսակետ ունի այդ հարցում Ռոբերտ Քոչարյանը։ «Հայաստանը առանց Ղարաբաղի 29 000 քառակուսի կմ է, առանձնապես հանածոններ ու հարստություն չունենք, մի փոքր տարածք, որը հանգիստ կարելի է շրջանցել արևելքից ու արևմուտքից և ոչ էլ տրանսպորտային մի այնպիսի խաչմերուկի վրա ենք, որ առանց մեզ ինչ-որ բան հնարավոր չէ անել, սա է Հայաստանը։ Բայց Հայաստանը Ղարաբաղի հետ միասին լուրջ խաղացող է այս տարածաշրջանում, հիմա մենք ի՞նչ ենք ուզում, հանգիստ այսպես մի փոքր Հայաստանով մնալ ու տարածքում Թուրքիայի ֆիլիա՞լը դառնալ, թե՞ մենք ուզում ենք այդ տարածաշրջանում լուրջ դերակատարը լինել։ Առանց Ղարաբաղի դու երբեք այդ դերակատարը չես լինի, նույնիս տեղդ չեն իմանա»,- ասել է նա։