Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վահե Գրիգորյանի մուտք գործելով՝ ՍԴ ում սկսվում է հեղափոխությունը․ Վարդան Հարությունյան (տեսանյութ)

Ես իրավաբան չեմ, բայց էս վերջին օրերին լսեցի իրավաբանների կարծիքներ, հայտնի, բարձրակարգ մասնագետների կարծքիներ, և կարելի է արդեն պնդել, որ այո՛, Վահե Գրիգորյանի հայտարարությունը տեղին էր,  որ ՍԴ անդամը և ՍԴ դատավորը տարբեր են: Այսօր, խոսելով ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի ելույթից հետո առաջացած աղմուկից, «Ա1+»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

«Սերժ Սարգսյանի օրոք, երբ նա խնդիր էր դրել իշխանությունը պահել իր ձեռքում մեկընդմիշտ, նա պատվիրեց իր յուրային իրավաբաններին գրել Սահմանադրություն, որը նրան  հնարավորություն  կտար դառնալ արդեն վարչապետ՝ վարչապետական Հայաստանում և շարունակել իր սեփական իշխանությունը պահելու գործը: Եվ այդ պատվիրված Սահմանդրությունը գրողները, նախ՝ չլինելով բարձրակարգ մասնագետներ, չլինելով լավ իրավաբաններ, ուղղակի լինելով պատվեր կատարող մարդիկ, որոնք ցանկացած իշխանության ցանկացած  պատվեր կատարելու պատրաստ են, գրել են մի այնպիսի Սահմանադրություն, որը լի է  և՛ հակասություններով,  և՛ տարօրինակություններով: Վահե Գրիգորյանի ընտրությամբ այս մի հակասությունն ի հայտ եկավ, բայց վաղը, մյուս օրը ի հայտ են գալու այլ հակասություններ նույնպես»,- ասաց Վարդան Հարությունյանը: Վերջինիս խոսքով՝ դրա պատճառը ոչ թե անզգուշությունն է, ոչ թե անուշադրությունը, այլ մասնագետ չլինելը:  

Իրավապաշտպանը նշեց, որ այն իրավաբանները, որոնք ներգրավված են եղել այս Սահմանադրությունը գրելու գործին, ուղղակի իրավաբանական կրթություն են ստացել, նրանք ունեն հավաստագիր, որ ստացել են այդ կրթությունը, բայց նրանք իրավաբաններ չեն:

Վարդան Հարությունյանը կարծում է, որ այս բնագավառում Վահե Գրիգորյանի մուտք գործելով՝ ՍԴ-ում սկսվում է հեղափոխությունը:

«Նրա ընտրությամբ ՍԴ-ի կյանքում սկսվում է մի նոր շրջան, մի նոր իրականություն, որը պետք է հանգեցնի լուրջ փոփոխությունների այդ կառույցում: Վերջին հաշվով՝ մենք պետք է ունենանք իրոք Սահմանադրական դատարան  և այդ գործը մենք սկսեցինք Վահե Գրիգորյանի ընտրությամբ, և դա պետք է մոտ շրջանում հանգուցալուծվի: Իսկ ինչպես և երբ կհանգուցալուծվի, ես ասել չեմ կարող, բայց որ կհանգուցալուծվի այն շեշտադրումներով, որոնք արել է  Վահե Գրիգորյանը, համարյա չեմ կասկածում»,- ասաց Վարդան Հարությունյանը: