Երևանի մետրոպոլիտենը հորդորում է խուճապ չառաջացնել
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի մետրոպոլիտենը պարզաբանում է տարածել մետրոյի գնացքների անսարքության վերաբերյալ մամուլի հրապարակումներին։
Պարզաբանման մեջ ասված է.
«Ի պատասխան «Ժամանակ» օրաթերթի 22.06.2019 թվականի ՝ «Տեխնոգեն աղետ. Մետրոյի գնացքը կարող է դուրս գալ քաղաքի որևէ հատվածի ասֆալտի միջից» վերտառությամբ հոդվածին, տեղեկացնում ենք, որ և՛ լուրը, և «մասնագիտական» վերլուծությունները ոչ մի աղերս չունեն իրականության հետ․ ինչպե՞ս կարող է մետրոն դուրս գալ քաղաքի որևէ հատվածի ասֆալտի միջից, եթե այն գտնվում է 70 մետր խորության վրա։
Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ Երևանի մետրոպոլիտենում գիշերային ժամերին, երբ էլեկտրագնացքներով ուղևորափոխադրումը դադարում է, գործի է անցնում համապատասխան բրիգադը, որն էլ արատացուցիչի միջոցով իրականացնում է բոլոր կայարանների ռելսերի ստուգումները։
Մեկ միլիմետր խախտման և ճաքի դեպքում արատանշվում է դեպքը և անմիջապես նորոգվում։
Երևանի մետրոպոլիտենը աշխատում է իր կարգախոսին համապատասխան և ապահովում է «արագ, անվտանգ և անխափան» ուղևորափոխադրում։
Հորդորում ենք մեր գործընկերներին խուճապ չառաջացնել ուղևորների շրջանում և ցանկացած տեղեկատվություն ներկայացնելուց առաջ պարզաբանում ստանալ ձեզ համար միշտ հասանելի հեռախոսահամարի կամ էլեկտրոնային հասցեի միջոցով»։