Բացել լրահոսը Փակել լրահոսը
13457687_1036219779805481_54348554_n-770x510
A A
Քաղաքականություն

Որևէ նոր բան ակնկալել պետք չէ. քաղաքագետը՝ արտգործնախարարների հանդիպման մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Մինսկի խմբի համանախագահող պետություններից ԱՄՆ-ում է։ 

Հունիսի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունենալու Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջև։

Կայանալիք հանդիպմանն ընդառաջ ՀՀ արտգործնախարարն արդեն հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներ  Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

Հանդիպման հնարավոր արդյունքների վերաբերյալ «Ա1+»-ը զրուցեց քաղաքագետ, ԱՄՆ-ի հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանի հետ։

«Ակնկալել ոչինչ պետք չէ այս հանդիպումից, որովհետև հերթական հանդիպումն է։ Որևէ նոր սկզբունք չկա, որևէ նոր մոտեցում չկա և այդ առումով որևէ նոր բան ակնկալել պետք չէ ընդհանրապես», ասաց Սուրեն Սարգսյանը։

Բոլթոնի հետ հանդիպման ընթացքում, ըստ Սարգսյանի, առավելապես քննարկվելու է ոչ թե Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով ընթացող բանակցային գործընթացը, այլ՝ տարածաշրջանային այլ խնդիրներ։

«Որովհետև Մինսկի խումբը մեծ հաշվով Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պորտֆելն է, իսկ Ջոն Բոլթոնն, ըստ էության, մեր տարածաշրջանում այլ քաղաքական ուղղություններ է սպասարկում, այդ թվում՝ նաև Իրանի հետ հարաբերությունները։ Կարծում եմ՝ կողմերի հետ հիմնականում տարածաշրջանային անվտանգության հարցերին է անդրադարձ լինելու», - ընդգծեց նա։

Քաղաքագետը նշեց նաև, որ գուցե Բոլթոնը արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկման ժամանակ անդրադառնա Հայաստանի կողմից Սիրիայում ներգրավվածության հարցին։

Իսկ ԱՄՆ պետքարտուղար  Մայքլ Պոմպեոյի չմասնակցելու հանգամանքը, ըստ Սարգսյանի, պայմանավորված է մի շարք պատճառներով ու հանգամանքներով, մասնավորապես՝ աշխատանքային զբաղվածության և այլ առաջնահերթություներով։        

Անդրադառնալով ԱՄՆ-Իրան լարված հարաբերություններին՝ ասաց, որ էսկալացիայի վտանգ կա, և նույնիսկ կողմերը հանդես են եկել փոխադարձ սպառնալիքներով, սակայն բացառեց մոտ ապագայում ռազմական բախումները.

«Կարծես թե Թրամփի ադմինիստրացիան փորձում է ևս մեկ անգամ բանակցել Իրանի հետ միջուկային համաձայնագրի մի փոքր այլ ելքային պայմաններով, և ներկայիս գործընթացը հենց դրա մասին է վկայում»։

Իսկ թե ամերիկա-իրանական հակամարտության կոնտեքստում Հայաստանից և Ադրբեջանից ամերիկյան կողմն ի՞նչ ակնկալիքներ ունի, Սարգսյանն ասաց, որ ԱՄՆ-ում շատ լավ գիտակցում  են, որ Հայաստանը երբեք որևէ քայլ չի կարող անել Իրանի դեմ, և այդ առումով որևէ ակնկալիք ունենալ չի կարող։

«Մի փոքր ակնկալիքներ կարող է ունենալ Ադրբեջանից, բայց արդեն Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների դաշտում է։ Այս պարագայում մեր ներգրավվածությունն ավելորդ է։ Թող Միացյալ Նահանգները և Ադրբեջանը պայմանավորվեն, և թող իրենք որոշեն ինչ քաղաքական համատեղ քայլեր են կարող անել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ», - եզրափակեց նա։