Քոչարյանի գործով դատավորը ինքնաբացարկի միջնորդությունը մերժեց/ լրացվում է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎերաքննիչ քրեական դատարանը, դատավոր՝ Արմեն Դանիելյանի գլխավորությամբ մերժեց Ռոբերտ Քոչարյանի եւ Յուրի Խաչատուրովի պաշտպանների՝ ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը: Դատական նիստը շարունակվում է։ Այս պահին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում վերաքննիչ բողոք ներկայացրած Սեդա Սաֆարյանը։
Ըստ նրա՝ կասկածներ կան, որ նա կարող է օբյեկտիվ դատավոր լինել, քանի որ 2008 թվականի մարտի մեկ -երկուսին տեղի ունեցած իրադարձություններից հետո հիմնավոր է համարել ոստիկանների կեղծ ցուցմունքներով մարդկանց դատապարտելը՝ շատ լավ իմանալով, որ նրանք հետապնդվել են իշխանությունների կողմից:
Սեդա Սաֆարյանի խոսքով՝ ինքը կարծում է, որ Դանիելյանի որպես դատավորի բացարկման հիքմերը գտնվում են դեռեւս նրա նշանակման ակունքներում։
Նրա միջնորդությունը կարելի է բաժանել երկու խմբի, այն, որ նախագահող դատավորի նշանակումը եղել է երկրորդ նախագահի ժամանակ, չի կարելի ասել, որ նա որպես դատավոր կարող է լինել անկողմնակալ:
Իսկ միջնորդության երկրորդ հատվածի մասով համաձայն է տուժողների ներկայացուցիչների հետ, քանի որ ձեռքի տակ եղած ապացույցները ոչ միայն էականորեն տարբերվում են, այլեւ կեղծված ապացույցների հիման վրա որոշումներ են կայացրել, ինչն, ըստ իրենց, բացառապես պետք է փարատվի դատավորիի կողմից:
15 րոպե ընդմիջում հայտարարվեց, որ պաշտպանական կողմը ծանոթանա միջնորդությանը։
Դրանից հետո Սեդա Սաֆարյանի ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ դիրքորոշում ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ Նա դիրքորոշումը զուգորդում է դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելով։
«Կարծում եմ, որ սույն գործով քննություն պիտի իրականացվի այն կազմով, որը Մարտի մեկի գործով առնչություն չի ունեցել»,- ասաց նա։
Հիշեցնենք , որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:
Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը: