Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վահե Գրիգորյանը ողջունում է դատավորներին, ովքեր դռները փակելուց հետո հալածյալի կերպարի մեջ չեն մտել (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպումից հետո Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում, դիտարկմանը, թե երկրորդ անգամ իր թեկնածությունը  դատավորի պաշտոնում առաջադրելը Սահմանադրության խախտում չէ՞,  բացասական պատասխան տվեց։

Վահե Գրիգորյանը չի կարծում, թե  մտերիմ հարաբերություններ ունենալը իշխանության որոշ ներկայացուցիչների հետ իրեն կկաշկանդի ՍԴ դատավոր լինելու պարագայում։

«Ես բացարձակապես կաշկանդվածություն չունեմ։ Այդ պաշտոնում ընտրվելու պարագայում և երդում տալու պարագայում՝ ես երդում չեմ տալիս, որպեսզի որևէ խմբավորման ներկայացուցիչ լինեմ»,- պարզաբանեց Վահե Գրիգորյանը։

Խորհրդարանում մեծամասնություն կազմող խմբակցության հետ հանդիպումից հետո Վահե Գրիգորյանը հուսով է, որ իրեն կընտրեն որպես ՍԴ դատավոր։  

Գրիգորյանը անդրադարձավ մայիսի 20-ին  դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելուն։

«Քննարկվում է դատական իշխանության նկատմամբ ճնշում գործադրելու հարցը, այդ ամենը ծիծաղելի է: Եթե գործադիր իշխանության ղեկավարի կոչով ճնշում կարելի է գործադրել դատական իշխանության վրա, ավելի լուրջ մտահոգության առիթ է այդ դատական իշխանությունը: Պիտի դրա վրա կենտրոնանալ»,- ընդգծեց նա՝ միաժամանակ հավելելով, որ  վարչապետի կոչի մեջ անօրինական բան չի տեսնում։

Հարցին, թե՝ եթե ինքն ընտրվի ՍԴ դատավոր, և իրեն թույլ չտան մտնել դատարան, ի՞նչ կանի, Վահե Գրիգորյանը պատասխանեց, որ առաջին հերթին կխոսի մարդկանց հետ։

«Այդպիսի պրակտիկա չի եղել Հայաստանում։ Մարդիկ ամեն օր չեն գնում դատավորներին խանգարում, որպեսզի գնան աշխատանքի: Սա վերջին 2,5 տասնամյակի ընթացքում դատական իշխանության նկատմամբ արտահայտված վերաբերմունքն է: Ես մեծ հաշվով մեծ հնարավորություն եմ տեսել, որպեսզի դատավորները խոսեն մարդկանց հետ, ոչ մի սխալ բան չկա: Պիտի ողջունեմ դատավորների մեծամասնությանը, որոնք այդ ամենից չեն սարքել մի մեծ գլխացավանք իրենց համար ու իրենց չեն դրել հալածյալի կերպարի մեջ, որ եկել են, դռները փակել։ Ըմբռնումով են մոտեցել այս ամենին։ Այնուամենայնիվ, կան դատավորներ, որ սուր են ընդունել, ես իրենց էլ չեմ քննադատում դրա համար»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։