Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Պատերազմները անակնկալ են լինում, բայց առաջիկայում նման կանխատեսումների հիմք չկա․ ՊՆ խոսնակ (տեսանյութ)

«Ոչինչ չեմ բացառում, ժամանակակից պատերազմները բնավորություն ունեն՝ երբեմն անակնկալ են լինում, և կապ չունի, թե որտեղ։ Բայց առաջիկայում նման կանխատեսման համար հիմքեր չեմ տեսնում»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում  ասաց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե հավանակա՞ն է կրկին պատերազմ լինի։

Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովին կներկայացվեն նաև Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման ընթացքում նախարարությունում արված ուսումնասիրությունները: Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ այդ ուսումնասիրությունները արվել են մեծ եռանդով ու ազնվությամբ:

Անդրադառնալով անցյալ շաբաթ Դավիթ Տոնոյանի կողմից  բարձր պարգևատրման ներկայացված, հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի մահվան վրեժն առնող զինծառայողներին՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց.

«Եթե պայմանավորվում ես իրար վրա չկրակել, ու հետո դա խախտում են, ինչ է, հայկական կողմը հավատարմության երդումը մշտական պահողի կոչում ունի, իրենք էլ՝ մշտական խախտողի՞։ Այդպիսի իրավունք ոչ մեկ ոչ մեկին չի տվել»։

Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեցին, թե զենքերի գնման գործընթացի մասին Սանկտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո հնարավո՞ր է պայմանավորվածություն ձեռք բերված լինի զենքերի նոր խմբաքանակ գնելու մասին, ինչին ի պատասխան՝ նա շեշտեց, որ զենքի գնման գործընթացը բարդ պրոցես է, և ոտքի վրա չի որոշվում:

«Մենք ունենք զենքի գնման բնականոն գործընթաց, մենք ուզում ենք շարունակել դրանք, մեծացնել, ինչպես վարչապետն է հայտնել՝ այլ տեսականի ձեռք բերելու, ավելի հետաքրքիր՝ ոչ փոքր մարտավարական զենքերի մասին է խոսքը: Այդ ուղղությամբ աշխատում ենք, բայց ամեն ինչ չէ, որ արագ է տեղի ունենում»,- ասաց նա: