Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Եթե պատերազմի անմիջական սպառնալիք լինի, ես ձեզ կտեղեկացնեմ. Դավիթ Տոնոյանը՝ լրագրողներին (տեսանյութ)

Ազգային ժողովում 09։00-ից մեկնարկել էր Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի փակ նիստը, որին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացնում էր 2018թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը։

Հանձնաժողովի փակ նիստից հետո Դավիթ Տոնոյանից լրագրողները հետաքրքրվեցին ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունից:

«Եթե հանրությանը բավարարեն այն պատասխանները, որոնք կլինեն հանձնաժողովի կատարած աշխատանքի արդյունքում, ընդ որում, այն հարցերը, որոնք մեր հակառակորդի տեղեկատվական գործողությունների արդյունքում են առաջացել մեր հանրության, դրանք կփարատվեն»,- ընդգծեց Պաշտպանության նախարարը:

Դավիթ Տոնոյանը պատրաստակամություն հայտնեց համագործակցել հանձնաժողովի հետ:

Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովին կներկայացվեն նաև Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման ընթացքում նախարարությունում արված ուսումնասիրությունները:

Նախարարը չցանկացավ մեկնաբանել վերջին շրջանում կայացած թուրք-ադրբեջանական զորավարժությունները:

«Չեմ մեկնաբանի, որովհետև մենք հիմա վերլուծում ենք այդ զորավարժությունը»,- ասաց նա:

Իսկ պատերազմի սպառնալիք կա՞, հետաքրքրվեցին Դավիթ Տոնոյանից։ Նախարարը կարճ պատասխանեց։

«Եթե պատերազմի սպառնալիք անմիջական լինի, ես ձեզ կտեղեկացնեմ»։

Անդրադառնալով  դիտարկմանը, թե հատուկ ջոկատայինների կուտակում կա՝ Տոնոյանն ասաց, որ Հայաստանի կողմից ևս հատուկ ջոկատայինների կուտակում կա: Դավիթ Տոնոյանը հավելեց, որ այդ առիթով մտահոգվելու կարիք չկա: