Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ի՞նչ անել դպրոցներում անգիրից հրաժարվելու համար. պարզաբանում է նախարարը (տեսանյութ)

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում լավ թիմ է հավաքվել, խճճվելու կարիք չի լինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Արայիկ Հարությունյանը:

 Կրթության և գիտության նախարարությանը միավորված մշակույթի և սպորտի նախարարությունների մասով անելիքներ կան:

«Խնդիրները շատ են մշակույթի ուղղությամբ, հուշարձանների, թատրոնների,  մշակութային օջախների, և մշակութային քաղաքականության տեսլականի հարցեր կան: Մենք առաջիկա 3 ամիսների ընթացքում կմշակենք մշակույթի զարգացման նոր ռազմավարություն: Սպորտի ոլորտում հարցերը նույնպես շատ են»,- նկատեց Արայիկ Հարությունյանը:

Անդրադառնալով  հայոց լեզվի միասնական քննություններում  ցածր գնահատականների ցուցանիշին, նախարարը համաձայնություն չհայտնեց այն  պատճառաբանություններին, թե թեստերը փոխվել են, առաջադրանքները անծանոթ են եղել:

«Առաջադրանքները եղել են նույնը, բայց որոշ չափով փոխվել է բուն բովանդակությունը, օրինակ՝ բեռնատարի փոխարեն գրվել է մարդատար: Սա  վկայում է անգիր սովորելու պրոբլեմի մասին»,- նկատեց նախարարը նշելով, որ դպրոցներում սովորեցնում են անգիր:

«Ա1+»-ի հարցին, թե ի՞նչ է անում նախարարությունը,  որպեսզի անգիր սովորելու և կրկնուսույցին դիմելու սովորությունից հրաժարվեն դպրոցներում, նախարարը թվարկեց  հետևյալ փոփոխությունները:

«Փոխվում են չափորոշիչները և ծրագրերը: Ուսուցիչների վերապատրաստման մեթոդաբանությունը ամբողջությամբ փոխվելու է, որպեսզի մեր երեխաներին սովորեցնենք մտածել, և ոչ թե անգիր անել և վերարտադրել մեխանիկորեն: Փոխվելու են նաև դասագրքերը, դրանք կթեթևանան»,- պարզաբանեց Արայիկ Հարությունյանը:

Դասագրքերի բովանդակության վերանայման մասին

 Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի դիմաց մի խումբ քաղաքացիներ իրենց դժգոհությունն էին հայտնել պատմության դասագրքերի բովանդակության վերաբերյալ, փակելով ինստիտուտի դռները:

«Պատմության դասագրքերում փոփոխություններ կատարելու առումով  աշխատանքներ տարվում են: Հանձնաժողով է ստեղծել, որը քննարկում է պատմության դասագրքերում առկա խնդիրները»:

Նախարարը հավելեց, որ սա ժամանակատար պրոցես է: Օրինակ՝ պատմության դասագիրք կա, որի վերաբերյալ 500 դիտողություն են ստացել:

Մանրամասները՝ տեսանյութում: