Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ուզում եմ ճաղերի հետևում տեսնել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին. «Մարտի 1»-ի զոհի մայր

Երկու օր առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ,  որոշում կայացրեց կալանավորել Մարտի 1-ի գործով  Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանին։

2008 թվականի մարտի 1-ի դրությամբ Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանք կատարելու՝ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար։

 

 «Ա1+»-ը զրուցել է «Մարտի 1»-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մոր՝ Ալլա Հովհաննիսյանի հետ, որն այս պահին գտնվում է  արտերկրում։

«Շատ շոկային էր, որ կոնկրետ Գեղամ Պետրոսյանն է սպանել, որովհետև ես մտածում էի, որ հրաման են տվել երևի ինչ-որ ստորին օղակներից  աշխատողներ են կրակել, բայց որ իմացա կոնկրետ հենց ինքն  էր կրակել, ինձ համար ավելի շոկային էր։ Չնայած միշտ «Կորսված գարունը» նայելիս ինքն ինձ ընդհանրապես դուր չէր եկել։ Շատ վատ պահվածք ուներ։ Շատ ուրախ եմ, որ առաջինը հենց Զաքարի սպանությունը բացահայտվեց, որովհետև նա ծնողներ չուներ։ Ես համոզված եմ, որ բոլոր սպանություններն էլ պետք է բացահայտվեն»,- ասաց Ալլա Հովհաննիսյանը։

Նրան, սակայն, զարմացնում է այն, երբ հարց են տալիս, թե  ինչո՞ւ են վերևից սկսել՝ Քոչարյանից։  Ալլա Հովհաննիսյանը կարծում է, որ ճիշտ են անում, որովհետև, եթե Քոչարյանը չլիներ, այդ հրամանը չտար, համենայնդեպս, մարտի 1-ը չէր լինի ու սպանությունները չէին լինի։

 Վերջինս հույսով սպասում է, որ շուտով իր որդու սպանությունն էլ պիտի բացահայտվի։ Նրա խոսքերով՝ առաջին հերթին ուզում է ճաղերի հետևում Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին տեսնել, որովհետև «այդ զույգի գլխավորությամբ է Մարտի 1-ը եղել»։

      Ալլա Հովհաննիսյանը շատ վիրավորված է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերջերս արած մի հայտարարությունից։

«Ծառուկյանին հարց են տալիս մարտի 1-ից ու Քոչարյանից, ինքը շուռ է գալիս ու շատ հեգնական ասում է՝ «դուք էլ թեմա չունեք, երկիրն էս վիճակում ա, մենակ Մարտի 1 ու Քոչարյան եք հարցնում։ Ահավոր վիրավորված եմ՝ որպես զոհի ծնող, և  երկրորդ՝ ուզում եմ ասել, պարոն Ծառուկյանին, որ մինչև Մարտի 1-ի բացահայտումը չլինի, մինչև Քոչարյանը ճաղերի հետևում չհայտնվի, երկիրն առաջ չի գնա։ Թող ինքը էդ ամեն ինչը շատ լավ իմանա»։

«Իսկ  ինչո՞ւ է ինքն այդպես ծանր տանում այն փաստը, որ ուզում են Մարտի 1-ը բացահայտեն ու Քոչարյանի մասով հարց են տալիս իրեն։ Երկրի առաջ ծառացած առաջին ամենակարևոր հարցը դա է, ու ինքն էլ քանի որ քաղաքական գործիչէ  հանդիսանում ու պատգամավոր է՝ պարտավոր է այդ հարցերին պատասխանել։ Իսկ եթե որոշ հարցեր իր համար հաճելի չեն, որոշ նկատառումներով, որը ապագայում մենք կիմանանք,  ուրեմն թող քաղաքականությամբ ընդհանրապես չզբաղվի»,-  շարունակում է  Ալլա Հովհաննիսյանը։

Խոսելով նաև Ռոբերտ Քոչարյանի մի քանի անգամ կալանավորվելու և ազատության մեջ հայտնվելու մասին՝ Ալլա Հովհաննիսյանն ասաց, որ դրանից շատ դժգոհ է, բայց դա Կառավարությունից կախված չի, այլ կախված է դատավորներից, որոնք դեռ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին են ծառայում։

Ինչ վերաբերում է վեթինգին, Ալլա Հովհաննիսյանը  դրա իրականացումը շատ ճիշտ է համարում և կարծում, որ նույնիսկ մի քիչ էլ ուշացած է, այդ գործընթացը կարող էին անցյալ տարի այս ժամանակ սկսել։

«Ի՞նչ է նշանակում՝ սա հրաժարվում է, տալիս  է նրան, ինքնաբացարկ են հայտնում։ էդ բոլորը հօգուտ Քոչարյանի է լինում։ Մենք էլ 11 տարի է սպասում ենք, թե երբ պետք է մեր երեխեքին սպանողները բացահայտվեն։ Իսկ ընդհանրապես գործի բացահայտման առումով դրական միտումը կա, շատ ողջունելի է։ ՀՔԾ-ի պետ Սասուն Խաչատրյանի աշխատանքը հեռվից ես շատ հավանում եմ։ Ես զգում եմ, թե իրենք ինչքան են աշխատում, ինչքան են մտահոգված։ Բայց հասկանում եմ նաև, որ այդքան փաստեր են կեղծվել ու շատ դժվար է այսօր այս պահին այդ ամենից գլուխ հանելը։ Դե մենք էլ համբերությամբ սպասում ենք։ Ուղղակի լավ կլիներ, որ Քոչարյանը ճաղերից դուրս չգար, իր տեղը ճաղերի հետևում է։ Հուսով եմ, որ նորից կհայտնվի այնտեղ, որտեղ էր մինչև հիմա»,- իր խոսքն այսպես եզրափակեց Ալլա Հովհաննիսյանը։