Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ինչ է կատարվել լուսաբացին նախընտրական Աբովյանում. ընտանիքը հազիվ է փրկվել

Ի՞նչ է  տեղի ունեցել լուսաբացին վաղը  քաղաքապետ ընտրող Աբովյանում։ «Ա1+»-ի թղթակիցը Աբովյանում է՝  մանրամասներ ճշտելու նպատակով։

Հիշեցնենք, որ լուսաբացին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջան թաղամասի 28 շենքի բակում ավտոմեքենա է այրվել, ինչպես նաև փորձել են այրել բնակարան։

Ավտոմեքենան պատկանում է Աբովյանի բնակիչ Վահան Սարիբեկյանին, որն Աբովյանի քաղաքապետի ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբներից մեկի ղեկավարն է: 

Վահան Սարիբեկյանը «Ա1+»-ին պատմեց, որ գիշերը քնած են եղել, երբ որդին այրվող գորգի ծխից զարթնել է և քնից արթնացրել ընտանիքի մնացած անդամներին։ Այնուհետև նրանք նկատել են, որ իր որդուն պատկանող մեքենան, որը կայանված է եղել շենքի բակում, նույնպես այրվում է։

Դեպքի վայրում էին նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, քաղաքապետի ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանը և ՔՊ այլ համակիրները։

Գրիգոր Գուլյանի մեզ հետ զրույցում նշեց, որ առավոտյան է դեպքի մասին իմացել։

Հարցին, թե ներկայումս ի՞նչ փուլում է այս դեպքի հետ կապված իրավապահ գործընթացը, նա պատասխանեց, որ հեղինակների հետ կապված դեռևս որևէ նոր բան հայտնի չէ։

Քիչ առաջ այստեղ ժամանեց նաև Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը,որը թեկնածուներից մեկն է։ 

«Ա1+»-ի հետ զրույցում պարոն Գևորգյանն ասաց, որ դատապարտում է այսպիսի քայլը։ Հարցին, թե արդյո՞ք քաղաքական ենթատեքստ կա այս ամենի մեջ, նա պատասխանեց, որ զերծ կմնա գնահատական տալուց՝ այն թողնելով իրավապահ մարմիններին։

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Աբովյանում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ։ Թեկնածուները հինգն են։ Նրանցից Սասուն Գրիգորյանի ընտրական շտաբը եւս դատապարտել է տեղի ունեցածը;

«Սասուն Գրիգորյանի ընտրական շտաբը խստորեն դատապարտում է այսօր գիշերը Աբովյանում տեղի ունեցած միջադեպը, որը միտված է վախի ու սարսափի, ապակայունացման միջոցով արհեստական օրակարգով ապակողմնորոշել Աբովյանի քաղաքացիներին՝ վաղը տեղի ունեցող համայնքի ղեկավարի ընտրությունների հարցում:
Պահանջում ենք իրավապահ մարմիններից շուտափույթ ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու և նման գործելաոճը բացառելու ուղղությամբ»,-ասված է Սասուն Գրիգորյանի ընտրական շտաբի հայտարարության մեջ։