Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Միջադեպին մասնակցել է միայն վեցը. Վարդան Հարությունյանը իրեն ծեծողների մասին

15  հոգի  «հայտ» է ներկայացրել, որ ծեծի է ենթարկել  Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդան Հարությունյանին։  Նրանք  հիմնականում դաշնակցականներ են։ Արդյո՞ք նրանք բոլորը ծեծի են ենթարկել ակտիվիստին։

Դաշնակցականների «ֆլեշմոբը» գործի արդար  քննությունը խոչընդոտելու նպատակ ուներ,-ասում  է Վարդան Հարությունյանը՝ հավելելով, որ «այդ քայլով փորձում են խճճել քննիչին, որ գործը նորմալ չբացահայտվի»: 

ՀՅԴ անդամները ոստիկանություն էին գնացել այն բանից հետո, որ Վարդանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով մի քաղաքացու են բերման ենթարկել։

«Երբ հայտարարվեց, որ  բերման է ենթարվկել մի քաղաքացի, որի ինքնությունը պարզվել է և նա կասկածվում է որպես ծեծի մասնակից,  դաշնակցությունը՝  հասկանալով, որ արդեն բացահայտվում է, որ դա իրենց ձեռքի գործն է և իրենց  պատվերն  է,  փորձեցին պաթոսախառն ինչ-որ ֆլեշմոբ իրականացնել, որպեսզի խառնեն գործի էությունը»,-ասաց Վարդան Հարությունյանը։

Ըստ նրա՝  ՀՅԴ-ականների հայտարարությունները  վկայում են, որ կուսակցական պատվեր է  եւ «սուտ մատնություն էին  տալիս իրենք  իրենց դեմ, քանի որ այդ մարդկանց մեծ մասը չէին մասնակցել միջադեպին»:

Ընդամենը վեց հոգի է մասնակցել միջադեպին, - պնդում է Վարդան Հարությունյանը,որին ՀՅԴ-ականները նրան մեղադրում են «ազգային արժեքները հայհոյելու մեջ»։

 « Դաշնակցության վերնախավի գործիչների, մասնավորապես՝  Գեղամ Մանուկյանի բերանով հայտարարվում է բռնության մասին, դա նշանակում է, որ դաշնակցությունը բռնության կոչ է անում ու խրախուսում է բռնությունը»,- ընդգծում է  ակտիվիստը՝  հիշելով,որ   ժամանակին ՀՅԴ-ականների մի մասը մեղադրվում էին հայտնի «Դրոյի» եւ «31-ի»  գործերով  եւ ազատության մեջ հայտնվեցին Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո։

Մեր այն հարցին, թե մի քանի շաբաթ առաջ Հրանտ Մարգարյանի և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպի հետ ինքն ի՞նչ կապ ունի, Վարդան Հարությունյանն ասաց, որ  իմ կողմից իբրև թե Հրանտ Մարգարյանին  հրելը  սուտ ինֆորմացիա է, ինքը պարզապես այդ ժամանակ եղել է  միջադեպի վայրում,  բայց Հրանտ Մարգարյանի հետ ֆիզիկական հպում անգամ չի ունեցել: 

Խոսելով նաև այն մասին, որ դաշնակցական երիտասարդները ֆեյսբուքում կոչ են անում բոյկոտել ԷՕՆ հակասրճարանը, որտեղ ինքն աշխատում է՝ որպես մենեջեր, Վարդան Հարությունյանն ասաց, որ նրանց նպատակն է, որ իրեն աշխատանքից հեռացնեն:

«Սակայն, նրանք անգամ պատկերացում չունեն  ԷՕՆ-ի աշխատակազմի մասին ու ինչ մթնոլորտ է տիրում ԷՕՆ-ում: Այն, որ իրենք հայտարարում են, թե դա իրենց սիրելի վայրն էր Երևանում և հիմա բոյկոտում են՝ պետք է ասեմ, որ նրանցից որևէ մեկը ԷՕՆ-ում երբևէ չի եղել»,- եզրափակեց Վարդան Հարությունյանը: