Այդ լուրը իմանալուց հետո էմոցիոնալ պահեր եմ ապրել. Նիկոլ Փաշինյանը՝ Գեղամ Պետրոսյանի ձերբակալման մասին
Աջակցիր «Ա1+»-ին«Այդ լուրը իմանալուց հետո էմոցիոնալ պահեր եմ ապրել, բայց, քանի որ խոսքը դեռ ձերբակալության մասին է, չգիտենք մեղադրանք կառաջադրվի՞, թե՞ ոչ, բայց որ Մարտի 1-ի բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն և, որ 2008թ. քննությունը տարվել է կոծկելու ուղղությամբ, կարծում եմ՝ ակնհայտ է»- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում ձերբակալված Գեղամ Պետրոսյանի մասին:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է, որ սպանություն կատարելու կասկածանքով Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա: Հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:
Անդրադառնալով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Մարտի 1-ի անջատված գործի կասեցմանը և Սահմանադրական դատարան ուղարկելուն, Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ իրավական գնահատական տալ չի կարող, բայց արձանագրում է, որ ամեն ինչ ընթանում է բնականոն ընթացքով, բոլորի իրավունքները պաշտպանված են: