Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

«Ստեղնի թաքնված գույները» Սեդրակ Երկանյան

Մայիսի 31-ին՝ 15:00-ին, Ժողովրդական արվեստի կենտրոնում (ք. Երևան, Աբովյան 64) տեղի կունենա ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի առաջատար դաշնակահար-մենակատար Սեդրակ Երկանյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացումը՝ «Ստեղնի թաքնված գույները» խորագրով:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 7-ը:

Մուտքն ազատ է:

 Սեդրակ Երկանյան 

 

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2012թ.), Անդրկովկասյան մրցույթի (1977թ.), Համամիութենական փառատոնի (1978թ.) դափնեկիր, Հայաստանի առաջատար դաշնակահար-մենակատար։

Ծնվել է 1954 թ. Գյումրիում: Սովորել է Գյումրու երաժշտական դպրոցում։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ որպես դաշնակահար (1978թ.) և դիրիժոր-խմբավար (1992թ.)։ Հանդես է եկել Հայաստանի, Վրաստանի, Սանկտ-Պետերբուրգի, Օմսկի, Իրկուտսկի և այլ սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ Հանդիսանում է «Խորան» կամերային երգչախմբի հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը։ Համագործակցել է Հայաստանի ակադեմիական երգչախմբի հետ որպես դաշնակահար-կոնցերտմայստեր (1978-2000թթ.)։ Որպես խմբավար համագործակցել է Հայաստանի Ռադիոյի և Հեռուստատեսության կամերային երգչախմբի (1992թ.), Հալեպի «Զվարթնոց» երգչախմբի (1993-1994թթ.), Երուսաղեմի Սուրբ Յակոբեանց վանքի Ճեմարանի երգչախմբի (2004-2005թթ.) հետ։ 1994 թվականից հանդիսանում է Հայաստանի «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը։

 

 

Հակիրճ տեղեկատվություն Կենտրոնի մասին

Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի կենտրոնը ազգային մշակույթի այն եզակի օջախներից է, որի առաքելությունն է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումը, շարունակականության ապահովումն ու հանրահռչակումը:

Կենտրոնի Երևանի և Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանների հիմքը կազմում են 1930-ական թվականներին ազգագրագետ, բանահավաք Հաբեթնակ Բաբայանի ջանքերով հիմնադրված Ժողովրդական ստեղծագործության տան ցուցանմուշները: Հավաքածուն (շուրջ 10.000 նմուշ) ընդգրկում է փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, գորգագործության, խեցեգործության նմուշներ, ինչպես նաև ինքնուս նկարիչների գեղանկարներ: Հավաքածուում առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները:

Ժողովրդական վարպետների ստեղծագործությունները յուրատիպ մշակութային արժեքներ են, որոնք ներկայացնում են Հայաստանի պատմա-ազգագրական գրեթե բոլոր շրջանների ժողովրդական արվեստն ու նրա զարգացման փուլերը:

Կենտրոնում տեղի են ունենում դասընթացներ, ժամանակավոր ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ և բազմաթիվ այլ մշակութային միջոցառումներ:

 

 

 (010) 569380

 [email protected]

Ժողովրդական արվեստի կենտրոն / Folk Art Center

                                                                                                         www.folkartcenter.am