Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Բաղրամյան պողոտան փակ է մնալու, մինչեւ չհանդիպենք ԱԺ նախագահի հետ (տեսանյութ)

Գուդվին-Բետ ՍՊԸ բուքմեյքերական ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Բաղրամյան պողոտայում: Նրանք կանգնեցրել են երթևեկությունը և պնդում են՝ ճանապարհը չեն բացելու մինչև չհանդիպեն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:


Քաղաքացիները բողոքում են ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողով մշտական հանձնաժողովի՝ Բուքմեյքերական գրասենյակների գործունեության վերաբերյալ ընդունված որոշման դեմ: Նրանց խոսքով՝ արդյունքում հարյուրավոր մարդիկ կմնան անգործ. մոտ 143-ը թոշակառուներ են:

«Ամեն մեկս ունենք ուսանող երեխաներ, որոնց համար վճարում ենք ուսման վարձ, ունենք բանկերից վերցրած գումար: Մենք կայուն աշխատավարձ ենք ստանում բանկային քարտով՝ դա ու՞մ է խանգարում: Եթե  թոշակառուն 40.000 դրամ թոշակ է ստանում մեր ընկերությունը 65 տարեկան անձանց աշխատանք է տվել՝ 60.000 աշխատավարձով» - Պնդում է Գուդվին-Բետ ՍՊԸ-ի տարածքային մենեջեր Կարեն Սայադյանը:

Ակցիայի մասնակիցները օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնության մեջ մեղադրում են Ալեն Սիմոնյանին: Աշխատակիցների խոսքով, սա արվում է Վիվառո ընկերությանը ոլորտում մենաշնորհ տալու համար: Վստահ են՝ հարցին լուծում տալ կարող են միայն վարչապետը և Արարատ Միրզոյանը. «Մարդիկ կան, որոնք Նիկոլ Փաշինյանի «Գլխից թռնում են»»:

Ոստիկաններն ակցիայի մասնակիցներին առաջարկեցին 5 հոգանոց խումբ կազմել՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպելու համար: Աշխատակիցների պնդմամբ՝ Բաղրամյանը փողոցը չեն բացելու մինչև խոստացված հանդիպումը չկայանա:


Հիշեցնենք. վիճակախաղերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացվել է մայիսի 22-ին: Համահեղինակները Ալեն Սիմոնյանը, Սիփան Փաշինյանը և Նաիրա Զոհրաբյանն են: Նախագծով առաջարկվում է  թույլատրել բացել մեկական գրասենյակ , միայն Ջերմուկ, Մեղրի, Սևան և Ծաղկաձոր քաղաքներում: Նախատեսվում է արգելել նաև ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղի կազմակերպումը: Իսկ Բուքմեյքերական ընկերությունները պետք է ունենան 500 միլիոն դրամ դեպոզիտային գումար:

  Այս պահին ցուցարարները բացել են Բաղրամյան պողոտան։