Դատական համակարգը պետք է վերափոխվի, կասկած չկա. Ռուբեն Մեհրաբյան
Աջակցիր «Ա1+»-ինՈւնեցել ենք մի խայտառակություն, որի անունն էր արդարադատություն. ասաց Միջազգային անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը՝ խոսելով դատաիրավական համակարգի մասին։
Մեհրաբյանի խոսքով՝ համակարգը տարիներ շարունակ սպասարկել է մի խումբ մարդկանց և կարմիր գիծը հատվեց ծանր հանցագործության մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմամբ։
«Այն, որ դատական համակարգը պետք է վերափոխվի, կասկած չկա», - շեշտեց նա՝ նշելով սակայն, որ այստեղ հարց է առաջ գալիս, թե ինչպես։
Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների շրջափակումը, Մեհրաբյանի խոսքով, քաղաքական հարց էր և այլ տարբերակ չկար։ Սակայն միաժամանակ նշեց, որ այդ քայլն այդքան էլ հաճելի չէր։
Նրա խոսքով՝ դատավորներին վեթինգի ենթարկելուց առաջ նախ պետք է որոշ հարցերի պատասխաններ հնչեցվեն. թե ովքեր են վեթինգն իրականացնելու և թե ովքեր են վերջիններիս վեթինգի ենթարկելու։
Անդրադառնալով Սասնա Ծռերի՝ Արցախում հեղափոխություն անելու հայտարարությանը, փորձագետը նշեց, որ դա կախված է արցախահայությունից և Հայաստանն էական դերակատարում չի կարող ունենալ, ինչպես նաև նշեց Արցախում կայանալիք ընտրությունների անցկացման հնարավորությունը ոչ թե 2020, այլ՝ 2019 թվականին։ Իսկ Արցախում արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը, ըստ նրա, պայմանավորված է Հայաստանում առկա քաղաքական-տնտեսական իրողությունների փոփոխություններով։
Փորձագետն աբսուրդային որակեց Արցախը մարզ հռչակելը՝ ընդգծելով, որ պետք է հասնել Արցախի միջազգային ճանաչմանն ու հակամարտության կարգավորման բանակցությունների սեղան վերադարձնելուն։