Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Ինչպե՞ս է  Նազենի Ղարիբյանը ղեկավարելու նրանց, ովքեր դեմ են իրեն (տեսանյութ)

 Ինչո՞ւ էր այսքան հրատապ պետք կազմակերպել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի նախագահի ընտրություն, ընտրել Նազենի Ղարիբյանին: Ինչպե՞ս կարող է նա ղեկավարել այս խորհուրդը, երբ թատրոնի կոլեկտիվը միայն վերջերս նրա հրաժարականն էր պահանջում: Այս հարցադրումներն արեց թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը այսօր հրավիրված ժողովին:

 

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդին նախագահ  է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը։

Հարություն Արզումանյանի խոսքով, ժամանակին կառավարման խորհրդի նախագահ է եղել է այն տարիներին Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, բայց հիմա, երբ դեռ նախարարությունն անգամ ձևավորված չէ, իրենք չեն հասկանում՝ ինչով է պայմանավորված նման շտապողականությունը:

Կառավարման խորհուրդը կազմված է ութ անձից, որոնց կազմում են ընդգրկվել թատրոնի երկու ներկայացուցիչ՝ բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանը, ով ընտրվել է խորհրդի քարտուղար և մեներգիչ Պերճ Խարազյանը:

Հարություն Արզումանյանը և այսօր քննարկմանը ներկա թատրոնի աշխատակիցների համար անընդունելի է նաև այն փաստը, որ  խորհրդի կազմում թատրոնից ընդամենը երկու հոգի են ներգրավված, մինչդեռ նախարարությունից չորսն են:  

Կոլեկտիվի մեծ մասին անակնկալի էր բերել այն, որ, թատրոնի ներկայացուցիչները կողմ էին քվեարկել Նազենի Ղարիբյանին:

Երգչին որակեցին «դավաճան» և որ նա ու Սերգեյ Սաֆարյանը «ծախել» են Օրբելյանին: 


«Մարդը եկել ու քանդում է մեր թատրոնը, դուք հիմա ինչ էք մեզ համոզում: Նազենի Ղարիբյանը`լինելով խորհրդի նախագահ, գեղարվեստական ղեկավարի պաշտոնից էլ կհեռացնի Կոնստանտին Օրբելյանին»,- իրենց վրդովմունքն էին հայտնում  կոլեկտիվի անդամները:

«Տիկին Նազենի Ղարիբյանի խոսելուն ծանոթ ենք, նա խախտումների ցանկ էր գրել, որոնցից ամենաակնառուն 92 մլն-ի խախտումն էր, որը Օրբելյանի հետ կապ չուներ»,-ասաց Հարություն Արզումանյանը և հավելեց, որ հենց Նազենի Ղարիբյանի շնորհիվ են իրենց յոթ պրեմիերաները բեմադրվել առանց պետական աջակցության և, որ տիկին Ղարիբյանը պարոն Օրբելյանին կանչել և ասել. «Դիմում գրեք, դուք մեզ պետք չեք»: 

Կոնցերտմայստեր Աշոտ Խոյեցյանի խոսքով անթույլատրելի է, որ Նազենի Ղարիբյանը լինի խորհրդի նախագահ, որը չի տարբերում օպերան բալետից: Լևոն Ջավադյանն էլ հավելեց, որ չի կարելի լինել թատրոնի կառավարող խորհրդի նախագահ, երբ տիկին Ղարիբյանը անգամ մեկ ներկայացման չի եկել:
Պերճ Քարազյանն արդարացավ, որ ինքն ընդամենը «կամուրջ է փորձում գցել թատրոնի և կառավարման խորհուրդի միջև, քանի որ թատրոնի խնդիրները կառավարության խորհրդի միջոցով է տեղ հասցվում Կառավարություն, և ըստ նրա, ի վերջո պետք է հարթել առաջացած այս նյարդային իրավիճակը:

Հանդիպման ավարտին կոլեկտիվը որոշում կայացրեց ժողով հրավիրել, հետ կանչել թատրոնի ներկայացուցիչներին խորհրդի կազմից և նոր ընտրություն իրականացնել ու անվստահություն հայտնել խորհրդին: 

Ի դեպ, քննարկմանը ներկա չէին ոչ Նազենի Ղարիբյանը, ոչ էլ խորհրդի անդամներից որևէ մեկը, որոնց հրավեր էր ուղարկվել:

Ներկա չէր նաեւ Կոնստանտին Օրբելյանը, որը Երեւանում չէ։

 Հիշեցնենք, որ դատական հայց է ներկայացրել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի դեմ։

Վերջինիս հրամանով՝ Կոնստանտին Օրբելյանն ազատվել էր թատրոնի տնօրենի պաշտոնից՝  պատճառաբանությամբ, որ նա չի կարող միաժամանակ լինել թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավարը։